Թուրքիայի միակ հայկական գյուղը գոյություն չի ունենա

Թուրքիայի միակ հայկական գյուղը` Վաքըֆը (Վաքըֆլը), կդադարի գոյություն ունենալուց, գրում է «Ակօսը»:

Թուրքիայի մեջլիսի ընդունած օրինագծի համաձայն` Թուրքիայի 13 գավառներ կստանան մեծ քաղաքի կարգավիճակ, իսկ գավառների կազմում գտնվող գյուղերը կվերածվեն քաղաքի թաղամասերի: Թաղամասի կարգավիճակ չեն ստանա այն գյուղերը, որոնք չունենք 500-ից ավելի բնակչություն: Այս պայմաններում Վաքըֆին անհայտ ճակատագիր է սպասվում, քանի որ այն ունի շուրջ 130 բնակիչ:

Վագըֆի հայությունն անհանգստացած է գյուղի ճակատագրով և ցանկանում է պահել գյուղի իր կարգավիճակը: Այս մասին «Ակօսի» հետ զրույցում ասել է Վաքըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցի հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը:

«Գյուղը կկորցնի իր կարգավիճակը, նշանակում է` Թուրքիայի միակ հայկական գյուղն էլ չի լինի»,- ասել է Վաքըֆի բնակիչը, որի կարծիքով` նոր օրինագծի դեպքում գյուղը կառերեսվի ժողովրդագրական պատկերի փոփոխության սպառնալիքին:

Գյուղացիները դիմել են Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինին և Հաթայի նահանգապետ Ջալալեդդին Լեքեսիզին: Նրանց խորհրդով Վաքըֆի հայերը դիմել են պետական մարմիններին` խնդրելով տալ թաղամասի կարգավիճակ, քանի որ գյուղի կարգավիճակը պահպանելն անհնար է: «Նախաստեսվում է հայկական գյուղին թաղամասի կարգավիճակ տալ, սակայն մեզ անհանգստացնում է, որ կփոխվի գյուղի ժողովրդագրական պատկերը»,- ասել է Վաքըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցի հիմնադրամի նախագահը:

Վաքըֆն ամբողջությամբ հայաբնակ է: Այն Մուսա լեռան հայաբնակ յոթ գյուղերից միակն էր, որին հաջողվեց Հայոց ցեղասպանության տարիներին ամբողջությամբ հայաթափ չլինել:

Մեկնաբանել