Աշխարհի ամենահարուստ մարդը գնեց Իսպանիայի ամենաաղքատ ակումբը

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ արաբական ծագումով մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը, ում ունեցվածքը «Ֆորբս» ամսագիրը գնահատել է 69 մլրդ եվրո, գնել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Օվյեդոյի» բաժնետոմսերը։ Աստուրիական թիմը, որը 10 տարի առաջ հանդես էր գալիս իսպանական Պրիմերայում, վերջերս կարող էր սննկանալ՝ 1.9 մլն եվրո պարտքը չմարելու դեպքում։

Ակումբը փրկելու նպատակով «Օվյեդոյի» ղեկավարությունը դիմեց թիմի երկրպագուներին՝ կոչ անելով յուրաքանչյուրին գնել 11 եվրո արժողությամբ մեկական բաժնետոմս։ Շնորհիվ այդ նախաձեռնության՝ անհրաժեշտ գումարը հավաքվեց և թիմը փրկվեց։ Սլիմը տպավորված էր երկրպագուների ջանքերով, ուստի որոշեց 2.5 մլն դոլարով դառնալ «Օվյեդոյի» գլխավոր բաժնետեր։