Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր հալեպահայությունը տվել է 40 զոհ և 66 վիրավոր

Հալեպահայ բանասեր Լևոն Շառոյանը «Մարմարա» օրաթերթում հոդված է հրապարակել նոյեմբերի 11-ին Հալեպի Արամ Մանուկյան կենտրոնում տեղի ունեցած քննարկման մասին, որը նվիրված է եղել սիրիահայերի դրությանը: Հոդվածը կրճատումներով` ստորև:

Առաջին զեկուցողը «Սիրիահայության շտապ օգնության մարմնի» անդամներից Րաֆֆի Ավետիսյանն էր, որը հետաքրքրական տվյալներ հաղորդեց Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ ստեղծված վերոնշյալ մարմնի ընթացիկ և կատարած աշխատանքների, դիմագրաված դժվարությունների մասին։ Նա հայտնեց, որ այս մարմնի բաղկացուցիչ մասերն են հայ երեք հարանվանությունները, երեք կուսակցությունները և բարեսիրական երկու մեծագույն միությունները (Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) և Սիրիայի օգնության խաչ (ՍՕԽ))։ Առկա տվյալների համաձայն` դեպքերի սկզբից մինչ այսօր հալեպահայությունը տվել  է 40 զոհ և 66 վիրավոր։ Կա 7 առևանգված և երկու անհայտ կորած բանակային զինվոր։ Շուրջ 200 բնակարան ծանր կամ մասնակի վնասված է: Մեծ է նաև ավերված կամ թալանված աշխատատեղերի, փչացած ավտոմեքենաների թիվը։

Անշարժ գույքի վնասներին դժվար է դիմագրավել, սակայն Շտապ օգնության մարմինը կաշխատի տուժածների գոնե կենցաղային կարիքները ապահովել։ Մինչ այժմ բաժանվել է 2850 սննդակողով, բնակության սենյակներ են տրամադրվել այն ընտանիքներին, որոնց տները կգտնվեն խիստ անապահով վայրերում։ Ցուցաբերվել է նաև բժշկական օգնություն: Հայաշատ թաղամասերում (Նոր Գյուղ և Վիլլաներ) հայ կամավոր երիտասարդներն օրուգիշեր հսկում են ազգապատկան հաստատությունների (եկեղեցի, դպրոց, ակումբ) անվտանգությունը։ Հայաստանից օդանավով ուղարկվել են օժանդակություններ, դրամահավաք է կատարվում Սփյուռքի գաղութներում։