ԱՊՊԱ-ն շահույթ չի ապահովում

Ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ ոլորտից շահույթ գրեթե չեն ստանում։ Այս մասին այսօր «Հայաստանի Ակտուարների միավորման» նախագահ Աստղիկ Անանյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» նախագահ Անդրանիկ Օհանջանյանը։

Նրա խոսքով` եթե հաշվի առնենք, որ ինն ամիսներին ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է 72%, սակագնի հիմքում դրված է 15% միջնորդավճարը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների կատարած ընթացիկ ծախսերը, ապա ընկերությունները հավաքագրված գումարներից մոտ 100%-ը ծախսում են։ «Այն որ ապահովագրական ընկերությունները շահույթ չեն ստանում, չի նշանակում, որ նրանք դուրս կգան ապահովագրության այս սեգմենտից, քանի որ ընկերությունները, մուտք գործելով այս սեգմենտ, նպատակ են ունեցել նպաստել ապահովագրական մշակույթի ներդրմանը և ապահովել հարակից այլ ապահովագրական պրոդուկտների առաջխաղացումը»,- ասաց Օհանջանյանը՝ հավելելով, թե ԱՊՊԱ-ի ներդրումը նպաստել է, որ քաղաքացիները սկսեն ձեռք բերել նաև ԿԱՍԿՈ (տրանսպորտային միջոցի ապահովագրություն  ֆիզիկական վնասից և առևանգումից)։

Ըստ նրա՝ ԱՊՊԱ սակագները հաշվարկելիս հիմք էր ընդունվել, որ տարեկան կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կլինի մոտ 25 հազ., մինչդեռ այս տարվա ինն ամիսներին ապահովագրական ընկերությունները հատուցման համար ստացել էին 31,8 հազ. դիմում և տարվա կտրվածքով այդ թիվը կարող է կազմել 40 հազ.։

Օհանջանյանը համաձայնեց, որ ԱՊՊԱ ոլորտում առկա են առանց պոլիսների ավտոմեքենաներ, սակայն դժվարացավ նշել, թե որքան է այդ մեքենաների քանակը, քանի որ Ճանապարհային ոստիկանությունում հաշվառված են ավտոմեքենաներ, որոնք իրականում ընդհանրապես չեն շահագործվում։

ՍիվիլՆեթի հարցին` ինչու Ճանապարհային ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում առանց ԱՊՊԱ պայմանագրերի ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ, Օհանջանյանն ասաց, որ ավելի ճիշտ կլիներ, որ այդ հարցն ուղղվեր հասցեատիրոջը։

Ըստ Աստղիկ Անանյանի` եթե անցած տարվա սեպտեմբերից մինչև այս տարվա սեպտեմբեր ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է 69%, ապա այս տարվա ինն ամիսներին կազմել է 72%։ Վնասաբերության աճը պայմանավորված է քաղաքացիների իրազեկման աստիճանի աճով, գնաճով, ինչպես նաև մակրոտնտեսական այլ զարգացումներով։