Էրդողանն ու Դավութօղլուն կայցելեն Գազայի հատված

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 20-ին կայցելի Գազայի հատված, որին կհաջորդի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը, հաղորդում է Hurriyet-ը:

Թերթը գրում է, որ Դավութօղլուն Գազա է մեկնում «Արաբական պետությունների լիգայի» կոչով, որը ցանկացել է, որ լիգայի արտգործնախարարների հանդիպմանը ներկա լինի նաև Թուրքիայի արտգործնախարարը: Օրեր առաջ էլ ԱՄՆ-ն կոչ էր արել իր դաշնակից Թուրքիային օգտագործել իր ուժը և ազդել «Համասի» վրա` տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Դավութօղլուի այցը նպատակ ունի մեղմացնել Իսրայել և Պաղեստինի միջև շարունակվող կռիվները: Նոյեմբերի 18-ին Էրդողանն ու Դավութօղլուն Եգիպտոսում հանդիպել են «Համասի» քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալի հետ և քննարկել այս հարցերը:

Էրդողանը քննադատել է նաև պաղեստինյան երկու կազմակերպություններին` «Համասին» և Ֆաթհին` հարցնելով, թե ինչն է, որ չեն կարողանում բաժանել:

Ավելի վաղ Էրդողանը խստորեն դատապարտել էր Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծումը, իսկ Դավութօղուն այն որակել էր որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: