Հայ գրատպության 500-ամյակը նշվել է նաև Ռուսաստանում

Հայաստանում և  հանրապետության սահմաններից դուրս շարունակվում են հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները` հայատառ տպագիր գրականության կեսդարյա  տարեդարձը վերածելով  նաև  ազգային գրավոր մշակույթին նվիրված հայ և այլազգի մասնագետների կողմից գիտական քննարկումների մի ամբողջ շարքի, հաղորդում են «Գիրք» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս  Ռուսաստանի դաշնությունում` Ռյազանի Սերգեյ Եսենինի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել  «Գիրքն  ազգային մշակույթի հիմքն է» ազգային գիտագործնական համաժողովը: Այն կազմակերպվել էր Ռյազանի հայ համայնքի և համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ու Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Համաժողովին ռուս գործընկերների հետ մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները`  Երևանի պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը, ռուսական լեզվաբանության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը և հայ բանասիրության  ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը: Համաժողովը  վարել է  Ռյազանի համալսարանի ռեկտոր Ի. Շեինան, ելույթներով հանդես են եկել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի համաշխարհային մշակույթի ամբիոնի վարիչ Մ. Պոլետաևան, ՌՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Յա. Կոլկերը, ՌՊՀ   Եսենինի անվան  գիտական կենտրոնի ղեկավար Օ. Վորոնովան, ՌՊՀ ռուսական լեզվաբանության և ազգային մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Ա. Սոլովյովը: Համաժողովին մասնակցել են ոչ միայն  ռուս համալսարանականներն ու գիտնականները, այլև Ռյազանի մարզային կառավարության, Դումայի և քաղաքապետարանի ներկայացուցիչները: