Հնդկական դասագիրքը պնդում է, որ «մսակերները ծույլ են, սուտասան և հակված սեռական բռնության»

Հնդկաստանում լույս է տեսել դասագիրք, որի հեղինակները պնդում են, որ «միս ուտողները ստում են, մոռանում խոստումների մասին ու սեռական բռնություն գործում»:

11-12 տարեկանների համար նախատեսված՝ հիգիենայի և առողջության դասագիրքը լույս է տեսել հնդկական առաջատար հրատարակչություններից մեկում:

«Մսի՝ մարդու համար ոչ անհրաժեշտ սննդամթերք լինելու ամենաուժեղ փաստարկն այն է, որ Արարիչը միսը չի ներառել Ադամի ու Եվայի կերակրացանկում, այլ նրանց տվել է միրգ, ընկույզ և բանջարեղեն», – ասված է դասագրքի՝ «Պե՞տք է արդյոք միս ուտենք» վերնագրով գլխում, որտեղ թվարկվում են բուսակերության առավելություններն ու ներկայացվում մսակերներին բնորոշ բացասական հատկանիշները:

«Նրանք հեշտությամբ ստում են, չեն կատարում խոստումները, անազնիվ են, հակված գողության և բռնության», – պնդում է դասագիրքն ու որպես օրինակ բերում էսկիմոսներին, որոնք ունեն համեմատաբար կարճատև կյանք, քանի որ սնվում են բացառապես մսով:

S Chand հրատարակչությունը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել դասագրքում բերված փաստերը, իսկ գիտնականները իշխանություններին կոչ են արել հետևել ուսումնական ձեռնարկների բովանդակությանն ու թույլ չտալ, որ դասագրքերում կասկածելի պնդումներ լինեն:

«Նման գիրքը երեխաների համար պարզապես թույն է», – ասել է Դելիի «Ջամիա Միլիա» համալսարանի կրթության ֆակուլտետի աշխատակից Ջանակի Ռաջանը: Նա վստահ է, որ կառավարությունն օժտված է այս հարցին միջամտելու լիազորություններով, սակայն «լվանում է ձեռքերը»:

Իշխանությունները հայտարարել են, որ ուսումնական գրականության ընտրության պատասխանատվությունը կրում են դպրոցները: Հայտնի չէ՝ որ հնդկական դպրոցներն են ընտրել այս դասագիրքը, սակայն այն արդեն ազատ վաճառքում է:

Մեկնաբանել