Գույքահարկի և հողի հարկի «զեղչերից» օգտվել է 90 հազ. քաղաքացի

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի կիրարկման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետին զեկուցվել են օրենքի կիրարկման արդյունքները նոյեմբերի 1-ի դրությամբ: Օրենքով սահմանված արտոնություններով քաղաքացիները, մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը վճարելով հողի հարկի և գույքահարկի մասով 2008թ. հունվարից մինչև 2011թ. հունվարն ունեցած պարտքի մայր գումարը, ազատվում են նշված ժամանակահատվածի համար հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից: Նշվել է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ հողի հարկի մասով արտոնություններից օգտվել է 48 759, գույքահարկի մասով արտոնություններից` 42 243 քաղաքացի: Ընդհանուր առմամբ` համայնքային բյուջեներ է մուտքագրվել շուրջ 579 մլն դրամ:

Փոխվարչապետը մարզպետների, համայնքապետերի, քաղաքացիների ուշադրությունն է հրավիրել օրենքի նշված դրույթի վրա` հորդորելով օգտվել ընձեռված հնարավորությունից` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ արտոնությունների ժամկետը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը:

Նա միաժամանակ անբավարար է համարել օրենքի կիրարկման գործընթացը հողի հարկի մասով Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, գույքի հարկի մասով` Լոռիի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում:

Փոխվարչապետն ընդգծել է, որ այս քայլով հնարավորություն է տրվում մի կողմից գումարներ մուտքագրել համայնքային բյուջեներ, մյուս կողմից` քաղաքացիներին ազատել հետագա պարտքերի կուտակումից:

«Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2012թ. ապրիլի վերջից: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցությունն էր: Փետրվարի 23-ին կառավարության նիստին օրենքի նախագծին հավանություն տալու կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր. «Մեր մարզային այցելությունների ժամանակ գյուղացիներն այս հարցը մշտապես բարձրացնում են՝ ավելացնելով այն փաստարկը, որ ճգնաժամային տարիները նույնպես ստեղծել են լուրջ բարդություններ հարկային պարտավորությունների կատարման առումով։ Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաև տնտեսական աճի խթանման առումով, որովհետև գյուղատնտեսության վրա հարկային բեռն էապես նվազելու է»:

Նշենք սակայն, որ այս օրենսդրական այս նախաձեռնությունը քաղաքական գործիչներն ու մասնագետները որակում են որպես պետության միջոցների հաշվին թաքնված ընտրակաշառք` ՀՀԿ-ի օգտին:

Մեկնաբանել