Տեղի է ունեցել Եգիպտոսի ղպտիների նոր առաջնորդի գահակալեցումը

Երեկ Կահիրեի Սուրբ Մարկոսի տաճարում տեղի է ունեցել Եգիպտոսի ղպտիների առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ Տավադրուս 2-րդի գահակալեցումը։ Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարքի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա մարտին Շենուդա 3-րդի մահից հետո։ Գահակալեցման արարողությանը ներկա են եղել եգիպտացի առաջադեմ քաղաքական գործիչներ, հաղորդում է Euronews-ը։

«Եկեղեցին ու ղպտիները Եգիպտոսի անքակտելի մասն են,- ասել է ընդդիմադիր կուսակցություներից մեկի ղեկավար, ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) նախկին ղեկավար Մուհամադ ալ Բարադեին։ Եվ նրա դերը նման է այն դերին, որ երկրում խաղում են կրոնական մյուս կազմակերպությունները»։

«Եկեղեցին, ինչպես նախկինում արդեն ասվել է, ունի բացառապես հոգևոր դեր,- հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչը։ – Սա եկեղեցի է եգիպտացիների համար, և այն չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ինչպես նախկինում ասել է պատրիարքը»։

Տավադրուս 2-ը գահ բարձրացավ Եգիպտոսում տիրող բարդ իրադրության ֆոնին, երբ ավելի ու ավելի հաճախ են ծագում կոնֆլիկտներ միջդավանական հողի վրա։

Բուրգերի երկրում, պաշտոնական տվյալներով, ապրում է 10 մլն ղպտի։ Եգիպտոսի բնակչությունը 85 մլն է։