Ստյոպա Սաֆարյանը ոստիկանությունից խնդրել է տրամադրել տպագիր և էլեկտրոնային ընտրացուցակները

Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Նամակով դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է:

Քարտուղարությունում մուտքագրվել է առձեռն հանձնված նամակը, որի ամբողջական բովանդակությունը բերված է ստորև: 

«Պարոն Հովհաննես Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Հարգելի պարոն գնդապետ, առաջնորդվելով ՀՀ ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուին վերապահված իրավունքներով, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, խնդրում եմ ինձ տրամադրել`

1. թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով, 
2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով: 

2-րդ կետի կապակցությամբ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակի (ռեգիստրի) պահանջը պայմանավորված է հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները և անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ առկա են մեզ տրամադրված կոնկրետ ահազանգեր: 

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա ու բաց փաստաթղթեր են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է փնտրած տեղեկությանը ծանոթանալու և (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին դիմելու ու այն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքը: 

Համագործակցության պատրաստակամությամբ` Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան,

Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու»: