Իրանը սկսել է խողովակաշար կառուցել դեպի Սիրիա

Իրանի իշխանությունները ձեռնամուխ են եղել դեպի Սիրիա $10 մլրդ արժողությամբ գազատարի կառուցմանը, որը պետք է օգնի Թեհրանին՝ միջազգային պատժամիջոցների պայմաններում։ Դրանք նվազագույնի են հասցրել կապույտ վառելիքի արտահանման հնարավորությունները։

Իրանական FARS գործակալության տվյալներով՝ սկսվել է գազատարի առաջին ճյուղի կառուցումը, որի երկարությունը կկազմի 225 կմ, այն մոտ $3 մլրդ կարժենա: Խողովակաշարն ընդհանուր առմամբ ունենալու է 1500 կմ երկարություն և անցնելու է Իրաքի տարածքով։

Համաձայն Իրանի իշխանությունների հայտարարությունների՝ նախագիծն ամբողջությամբ պետք է ավարտվի 2013թ. երկրորդ կեսին։ Մագիստրալային գազատարի կառուցման մասին համաձայնությունը Թեհրանի, Դամասկոսի և Բաղդադի միջև ձեռք է բերվել անցյալ տարվա հուլիսին։ Նախագծի տեխնիկական մանրամասների, այդ թվում՝ տարեկան թողունակության մասին չի հաղորդվում։

Իրանում բնական գազի պաշարները գնահատվում են 28 տրլն խմ, այս ցուցանիշով երկիրը երկրորդն է աշխարհում։

Մեկնաբանել