Անցած երկու տարին միայն ավելացրել են անորոշությունները

ԱՊՊԱ ինստիտուտի ներդրումից հետո ոլորտում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել. ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ-ից շահույթ չեն ստանում, Ճանապարհային ոստիկանությունը չի տեսնում «ստվերային» ավտոմեքենաները, անորոշ են նաև «Բոնուս-Մալուսի» հեռանկարները։

Երեկ «Հայաստանի ակտուարների միավորման» նախագահ Աստղիկ Անանյանի հետ համատեղ ասուլիսին «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» նախագահ Անդրանիկ Օհանջանյանը հայտարարեց, որ ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ ոլորտից շահույթ գրեթե չեն ստանում։ Ըստ նրա՝ եթե հաշվի առնենք ապահովագրական ընկերությունների ընթացիկ ծախսերը և այն, որ այս տարվա ինը ամիսներին ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է 72%, ու սակագնի հիմքում դրված է 15% միջնորդավճար, ապա ընկերությունները գրեթե ամբողջությամբ ծախսում են հավաքագրած գումարները։ «Այն, որ ապահովագրական ընկերությունները շահույթ չեն ստանում, չի նշանակում, թե նրանք դուրս կգան ապահովագրության այս սեգմենտից։ Ընկերությունները, մուտք գործելով այս սեգմենտ, նպատակ են ունեցել նպաստել ապահովագրական մշակույթի ներդրմանը և ապահովել հարակից այլ ապահովագրական պրոդուկտների առաջխաղացումը»,– ասաց Օհանջանյանը։

Ըստ նրա՝ ԱՊՊԱ սակագները հաշվարկելիս հիմք է ընդունվել, որ տարեկան կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կլինի մոտ 25 հազ., մինչդեռ այս տարվա ինը ամիսներին ապահովագրական ընկերությունները ստացել են 31,8 հազ. հատուցման դիմում, տարվա կտրվածքով այդ թիվը կարող է կազմել 40 հազ.։

Օհանջանյանը համաձայնեց, որ երկրում կան նաև առանց ԱՊՊԱ պայմանագրերի ավտոմեքենաներ, սակայն դժվարացավ նշել, թե որքան է դրանց թիվը։ Ճանապարհային ոստիկանությունում հաշվառված են մեքենաներ, որոնք իրականում չեն էլ շահագործվում։ Ըստ Օհանջանյանի՝ եթե անցած տարվա սեպտեմբերի վերջին ԱՊՊԱ ոլորտում կնքված էր 392,7 հազ. պայմանագիր, ապա այս տարի՝ 366,7 հազ.։ Ստացվում է, որ պայմանագրերի թիվը կրճատվել է 26 հազ., իսկ եթե հաշվի առնենք, որ այս տարվա ինը ամիսներին Հայաստան ներկրվել է 24,3 հազ. ավտոմեքենա, իսկ անցած տարի՝ ընդհանուր առմամբ 29 հազ., ապա ստացվում է, որ մոտավոր հաշվարկներով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների թիվը կազմում է մոտ 80 հազ.։ Նման թիվ նշում են նաև ապահովագրական ընկերությունները։

Նման «ստվերի» հետևանքով, նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով (հիմք է ընդունվել ԱՊՊԱ պայմանագրերի նվազագույն սակագինը՝ Դ25 հազ.), ապահովագրական ընկերությունները չեն ստացել €2 մլրդ-ի միջոցներ, ինչը կազմում է սեպտեմբերի վերջին հավաքագրված ապահովագրավճարների 16,2%-ը։

«Օրակարգի» հարցին, թե ինչու Ճանապարհային ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում առանց ԱՊՊԱ պայմանագրերի ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ, Օհանջանյանը պատասխանեց, որ ավելի ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել հասցեատիրոջը։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Օրենքով ամրագրված է նաև, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը Ավտոապահովագրողների բյուրոյի տրամադրած տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք երթևեկում են առանց սահմանված կարգով կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու:

Ճանապարհային ոստիկանության թերի աշխատանքը մի կողմից խնդիրներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մյուս կողմից՝ վտանգի տակ դնում ԱՊՊԱ համակարգի հետագա գործունեությունը։

Առանց «Բոնուս-Մալուսի»
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով սահմանված է, որ ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգը («Բոնուս-Մալուս» համակարգ) կիրառվում է 2013թ. հունվարի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ: Օրենքում հստակ նշվում է նաև այդ համակարգի ներդրումն ապահովող կառույցը։ «Բյուրոյի խորհուրդը, ելնելով ավտոտրանսպորտային միջոցների և դրանց սեփականատերերի և օրինական հիմքով տիրապետող այլ անձանց վերաբերյալ տվյալներից և նրանց գործողությունների (անգործության) հետևանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարների և թույլ տրված խախտումների քանակից և բնույթից (վարորդական պատմություն), սահմանում է ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) և դրա կիրառման կարգը»,– նշված է օրենքով։

Պարզ ասած՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ներկայում պետք է մշակած լիներ այդ համակարգը, պատահարների քանակից և հատուցման ծավալներից ելնելով՝ սահմաներ գործակիցներ։ «Օրակարգի» տեղեկություններով՝ իրականում այս ուղղությամբ շատ աշխատանք չի կատարվել, չնայած համակարգի ներդրման համար բավական քիչ ժամանակ է մնացել։

«Օրակարգի» հարցին, թե որ փուլում է «Բոնուս-Մալուս» համակարգի ներդրումը, Օհանջանյանը պատասխանեց՝ ավելի ճիշտ կլիներ հարցն ուղղել Բյուրոյին։ «Ես վերջնական նախագիծ չեմ տեսել»,– նշեց նա։

«Բոնուս-Մալուս» համակարգը բարեխիղճ վարորդների համար ԱՊՊԱ պոլիսի ավելի փոքր սակագին է նախատեսում՝ համեմատ ոչ բարեխիղճ վարորդների։

Մեկնաբանել