Եվրամիությունը՝ կայսրության և ազգային պետությունների միջև

Եվրոպան կրկին կանգնած է ազգայնական մարտահրավերի առջև: Ճիշտ է՝ ներկայիս մարտահրավերները անհամեմատելի են Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերի արանքում ընկած ժամանակահատվածում ազգայնականության զարթոնքի հետ, սակայն տեղի ունեցող զարգացումները կարող են լուրջ ցնցումների տանել եվրոպական հասարակություններին: Ի դեպ՝ խոսքը ոչ միայն «դասական» ազգայնականության մասին է, երբ կոնկրետ տարածքում կոմպակտ բնակվող էթնիկ խումբը կամ ժողովուրդը ձգտում է ստեղծել սեփական անկախ պետությունը, այլ նաև մեծ քաղաքներում տարբեր էթնիկ խմբերի միջև բախումների ու «փակ արվարձանների» էֆեկտի, ուր նույնիսկ ոստիկանական ջոկատներն են վախենում մտնել:

Իրենց պատմական հայրենիքներում բնակվող շատ ժողովուրդներ ունեն կազմակերպված ազգայնական քաղաքական ուժեր, որոնք իրենց ժողովրդին տանում են դեպի անկախություն, անջատում մետրոպոլիայից: Սրանց մեջ ամենանշանավորն ու ինստիտուցիոնալը Շոտլանդիայի ազգային կուսակցությունն է, սոցիալ-դեմոկրատական ուղղության քաղաքական ուժ, որն այժմ մեծամասնություն ունի Շոտլանդիայի խորհրդարանում և ղեկավարում է կառավարությունը: 2014թ. այս քաղաքական ուժը իր ժողովրդին կտանի անկախության հանրաքվեին, չնայած մեծ ռիսկ կա ցանկացած արդյունքը չունենալու: Այս հարցում մեծ դեր կարող է խաղալ կոնյունկտուրան:
Իսպանիան նույնպես փլուզման վտանգի առջև է կանգնած: Կատալոնիայի անկախացման վերաբերյալ դիսկուրսի ինտենսիվացումը, տասնամյակներ տևող պայքարը չի կարող անհետևանք մնալ:

Բելգիան, ԵՄ հիմնադիր երկրներից մեկը, այսօր էլ էթնիկ հողի վրա պառակտման լրջագույն ռիսկի տակ է:

Այս և բազմաթիվ այլ ազգային խնդիրներից բացի՝ կա ոչ ամբողջությամբ վերահսկվող տարածքների խնդիրը, որտեղ լեգալ իշխանությունը գոյություն ունի գրեթե անվանական ձևով, և որտեղ տեր ու տնօրեն են տարբեր խմբավորումներ: Սա նախ և առաջ վերաբերում է Սիցիլիային և Կորսիկային, Եվրոպային հատուկ հմայք հաղորդող այս երկու միավորումներին, որտեղ գործող մաֆիայի, տարբեր հանցավոր խմբերի մասին պատմությունները բազմաթիվ հետազոտությունների, գեղարվեստական ու վավերագրական գործերի հիմք են դարձել:

Ինչպես նշում է կորսիկական խնդրի մեջ մասնագիտացած Ժակ Ֆոլորուն՝ ֆրանսիական Le monde-ի թղթակիցը, կորսիկական մաֆիան իր յուրահատուկ առանձնահատկություններն ունի: Այն բոլորովին նման չէ սիցիլիական «կոլեգաներին»: Կորսիկայում չկա մաֆիայի ղեկավար, ինչպես Սիցիլիայում, այլ կան քրեական անկախ խմբավորումներ, որոնք համատեղ գոյություն են պաշտպանում: Այստեղ վենդետան խառնվում է հաշիվներ մաքրելու դասական եղանակների հետ: Կորսիկայում կլանային կառուցվածքը շատ հաճախ չունի ընտանեկան հիմք, ինչպես Պալերմոյում: Ավելին՝ «տանիքի» հասկացությունը, որը կա Սիցիլիայում, երբ ձեռնարկությունները, խանութները և այլ բիզնեսներ որոշակի հարկ են վճարում մաֆիային, Կորսիկայում գոյություն չունի, այստեղ տարածված է ռեկետի պրակտիկան: Վերջապես կորսիկական մաֆիան կարող է ձևավորել ազգայնական ընդհատակյա խմբեր, ինչը գոյություն չունի Սիցիլիայում:

Նման վիճակը Կորսիկայում և Սիցիլիայում լուրջ դժգոհություններ են առաջացնում Ֆրանսիայում և Իտալիայում, որտեղ ժամանակ առ ժամանակ այդ տարածքներից ազատվելու մտքեր են առաջանում տարբեր քաղաքական ուժերի մեջ:

Եվրամիությունը, որը ստեղծվել էր Եվրոպայում խաղաղության ու բարեկցության հաստատման համար, այսօր արդեն խնդիր ունի զսպել Եվրոպայում բռնկված ազգայնականության հրաբուխը: Իսկ ազգայնականության զսպման երկու ձև գոյություն ունի՝ կայսրություն դառնալը, որը կհետաձգի խնդիրները, կամ էլ նոր պետությունների առաջացումը, ինչն ավելի հավանական տարբերակ է մեր օրերում:

Մեկնաբանել