Ադրբեջանի թիվ մեկ թշնամու առաջխաղացումը

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարկել Արցախի իրավական հնարավոր ճանաչման կապակցությամբ ալիևյան հայտարարությունների և հայկական լոբբիի ազդեցության մասին: Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

Նախագահ Ալիևի նորագույն հայտարարությունը առաջին հայացքից քաղաքական անհեթեթության հերթական նմուշ կարող է համարվել: Պետք է փորձել սակայն հայտարարության շարժառիթը տեսնել` հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացի ժամանակի ներկա տարածքում և այնտեղ կատարված վերջին զարգացումների  լույսի ներքո։

Նախ ամփոփենք հայտարարության բովանդակության հիմնական կետերը:

Նախագահ Ալիևի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Հայաստանի Հանրապետությունը, ըստ ադրբեջանցի ղեկավարի, արհեստական մի պետություն է` հիմնված հնադարյան ադրբեջանական տարածքների վրա:

Ալիևը շարունակում է քաղաքական «գյուտարարությունը» և այս անգամ հայկական լոբբիի կողմից դիտելով հարցը` հայտարարել է, որ Ադրբեջանի համար հայկական լոբբին թիվ մեկ թշնամին է, բացատրելու համար թե ինչու Բաքուն թշնամի է նկատում հայկական լոբբին: Թշնամանքը թշնամանքի արդյունք է «խաղաղասեր» Բաքվի համար:

Ապա, Ալիևն անցել է դասակարգելու իր համար երկրի թիվ երկու թշնամուն, որը իսլամաֆոբիան է և որին կլանված են տարբեր պետություններ: Այստեղ իսլամաֆոբիայի զարգացման ալիևյան բացատրությունը այնքան էական չէ, որքան երևույթի նշումը իբրև երկրորդ թշնամի: Բայց այդ մասին քիչ հետո:

Շատ արագ, ալիևյան այս հայտարարությունը հուշում է համահնչեղություն  Անկարայի տարբեր վարիչների կողմից կրկնվող հանկերգին` Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերություններ մշակելու, սակայն Սփյուռքն է (իմա` հայկական լոբբին) խանգարողը. կամ` ծայրահեղական Սփյուռքի և չափավորական Հայաստանի անտեղի բնութագրումներն ու որակավորումները` ներհայկական ճեղքեր առաջացնելու անարդյունք քաղաքականության կիրարկման փորձերով:

Այս դեպքում սակայն աշխատում է մի այլ տրամաբանություն: Չմոռանանք, որ քաղաքական ինչ տեսակի կարևորություն ներկայանցող երևույթի և ժամանակի հանգամանքները ստիպել են Ալիևին կատարելու նման հայտարարություն:

Խնդիրը շատ բնական կարգով կապվում է պաշտոնական Մոնտեվիդեոյի առած քայլերին: Բաքվի ղեկավարն ու իր խորհրդականները շատ լավ գիտեն, որ Ուրուգվայը զուտ հայտարարողական հարթությունից դուրս է եկել և իրոք, քայլ առ քայլ պատրաստվում է Արցախի իրավական ճանաչման առնչությամբ պաշտոնական դիրք ճշտելու: Բաքվի բողոքագրերը ևս որևէ ազդեցություն չեն գործել Մոնտեվիդեոյի վրա, որ միևնույն հետևողականությունն ու հայտարարված հանձնառությունը ցույց է տալիս Արցախի թղթածրարի նկատմամբ: Թեկուզ նվազ ազդեցիկությամբ, այսուհանդերձ տագնապի մատնող քայլ էր նաև Ավստրալիայի մեծագույն նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, որից շփոթահար վիճակում հայտնվեց Ալիևի վարչակարգը:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի այցելությունը Ստեփանակերտ ինքնին Բաքվին անճարակության մատնող քայլ է: Ճիշտ է, որ երկար ճանապարհ է ենթադրում տակավին, այսուհանդերձ առաջին քայլը առնված է և դեպի իրավական ճանաչումը քայլ առ քայլ կտրելիք ուղի է:

Հիմա պետք է զորաշարժի ենթարկել ադրբեջանական դիվանագիտությունը` թիրախ ընտրելով հայկական լոբբին: Ալիևի վարչախումբը նկատել է, որ ինչպես Ավստրալիայի և ամերիկյան որոշ նահանգների, այնպես էլ Ուրուգվայի դեպքում տեղի շարժիչ գործոնները` Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, հիմնական դերակատարությունն են ունեցել։ Ուրեմն պետք է թիվ մեկ թշնամի նախ հայտարարել ու ճանաչել հայկական լոբբին, մշուշապատել թշնամանքի բուն պատճառը` հայտարարելով, որ իրենց թշնամանքը հայկական լոբբիի կողմից դավանած թշնամանքի արդյունք է պարզապես և ապա հայտարարված թիվ մեկ թշնամու դեմ հավաքագրել և զորաշարժի ենթարկել նրանց, ովքեր իսլամաֆոբիայի զոհ են: Կրոնական հանգամանքի այս` իբրև թե հեզասահ անցումը կատարելով` Ալիևը խաղում է հայկական լոբբիի դեմ իսլամական աշխարհը զինվորագրելու նպատակով հին մարտավարությամբ նոր խաղը:

Ուրուգվայի առած քայլերը հունից հանել են նախագահ Ալիևին: Այս նշանակում է, որ դիվանագիտական պատերազմ հայտարարող Ալիևի համար հետզհետե, քայլ առ քայլ  տեսանելի դառնալու ընթացքում է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Իսկ այս մեկը փաստում է արդեն Բաքվի վրա հայկական լոբբիի արձանագրած առաջխաղացումը կամ` Ադրբեջանի թիվ մեկ թշնամու: