Թուրքմենստանը սեփականաշնորհում է պետական ձեռնարկությունները

Թուրքմենստանի իշխանությունները մտադիր են 2013-2016 թթ. մասնավորեցնել արդյունաբերական, շինարարական, տրանսպորտի և կապի ոլորտի պետական մի շարք ձեռնարկություններ: Ցանկից նախապես հանվել են համապետական նշանակության ռազմավարական ընկերությունները։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարեփոխել 1992թ. ընդունված «Պետգույքի և սեփականաշնորհման մասին օրենքը»: Այդ ժամանակ մասնակիորեն սեփականաշնորհվել են հանրային սպասարկման ոլորտի ոչ մեծ ձեռնարկությունները և մանրածախ առևտրի ոլորտը:

Արտաքին առևտրաշրջանառությունը և մեծածախ գնումները Թուրքմենստանում վերահսկում է բացառապես Ապրանքահումքային պետական բորսան։ Այս անգամ կմասնավորեցվեն տարբեր ոլորտի պետական ձեռնարկություններ. նպատակը երկրում բաժնետիրական ընկերությունների զարգացած ենթակառուցվածքների ստեղծումն է։

Այդուհանդերձ, ռազմավարական նշանակության ձեռնարկությունները չեն սեփականաշնորհվելու։ Խոսքն առաջին հերթին գազային ընկերությունների մասին է. ոլորտն ապահովում է Թուրքմենստանի բյուջեի եկամուտների գրեթե կեսը:

Երկրի գազարդյունահանող և գազաբաշխիչ խոշորագույն ընկերության՝ «Թուրքմենգազի» 100%-ը պատկանում է կառավարությանը: Պետական սեփականություն են նաև նավթային «Թուրքմեննավթը», արդյունահանման ոլորտին կից «Թուրքմեննաֆթգազշին» և «Թուրքմենքիմիա» կորպորացիաները։

Մեկնաբանել