Moody’s-ն իջեցրել է Ֆրանսիայի վարկանիշը

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը Ֆրանսիայի պետպարտատոմսերի վարկանիշը մեկ աստիճանով իջեցրել է՝ առավելագույն AAA-ից Aa՝ բացասական կանխատեսմամբ:

Գործակալությունն իր այս որոշումը պայմանավորել է Ֆրանսիայի տնտեսության աճի բացասական սպասումներով, ինչը, իր հերթին, պայմանավորված է նրա մրցունակության կորստով, ինչպես նաև բյուջետային ոլորոտի իրադրության վատթարացմամբ, որոնց պատճառը կառուցվաքծային խնդիրներն են, այդ թվում՝ աշխատաշուկայի ոչ բավարար ճկունությունը, նորարությունների ոչ բավարար ծավալը և այլն:

Moody’s-ը՝ մյուս կողմից՝ ողջունել է նոր կառավարության բարեփոխումների ուղեգիծը՝ ընդգծելով, որ իրադրության շտկմանն ուղղված միջոցառումները բավարար չեն լինի արտաքին շուկաներում երկրի մրցունակությունը բարձրացնելու և տնտեսական աճի տեմպերն արագացնելու համար:

Նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր արդյունաբերության աջակցմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին, որի հիմնական կետը հարկային ծանրաբեռնվածության թուլացումն էր: Բացի այդ՝ նախատեսվում է 2013թ. երկրի բյուջեի պակսուրդը կրճատել €30 մլրդ-ով:

2012թ. 3-րդ եռամսյակի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0,2%-ով: Միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալության կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում Ֆրանսիայի տնտեսական աճի տեմպերը չեն գերազանցի 0,1%-ը և 2013թ. կկազմեն 0,4%:

Ի դեպ՝ վարկանշային գործակալությունների «մեծ եռյակից» S&P-ն առաջինն է իջեցրել Ֆրանսիայի վարկանիշը դեռ ընթացիկ տարվա հունվարին: Այդ ժամանակ իջեցվել էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև 9 այլ երկրի վարկանիշ, ինչը գործակալությունը պայմանավորել էր այս երկրների կառավարությունների՝ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ոչ բավարար ջանքերի գործադրմամբ:

Moody’s-ը լավատես չէ նաև Իտալիայի հարցում, և ըստ գործակալության՝ այս երկրի բանկային համակարգի հեռանկարները շարունակում են բացասակսն մնալ:

Moody’s-ի փորձագետների կարծիքով՝ բացասսկան կանխատեսումները պայմանավորված են ակտիվների որակի վատթարացմամբ, ինչպես նաև պարտավորությունների վերաֆինանսավորման հնարվորությունների սահմանափակ լինելով:

2012թ. սեպտեմբերին իտալական բանկերի «թունավոր» ակտիվները կազմել են 15,3%, և բանկերը իրենց շահույթի զգալի մասը, ըստ գործակալության, հարկադրաված կլինեն ուղղորդել այդ ակտիվների փոխհատուցմանը:

Իտալական բանկերը իրենց կայունությամբ զիջում են եվրոպական իրենց մրցակիցներին:

Moody’s-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում Իտալիայի տնտեսությունը կկրճատվի ՀՆԱ-ի 3%-ից մինչև 2%, 2013թ. անկումը կկազմի 1%: