Քուվեյթի էմիրն ընդունել է Հայաստան այցելելու ՀՀ նախագահի հրավերը

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Առավոտյան ԱԳ նախարարին ընդունել է Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նալբանդյանը Քուվեյթի ղեկավարին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները և ՀՀ Նախագահի անունից վերահաստատել էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը խնդրել է Սերժ Սարգսյանին փոխանցել իր ամենաջերմ մաղթանքները և տեղեկացնել, որ սիրով ընդունում է Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009թ. ՀՀ նախագահի` Քուվեյթ կատարած պետական այցելության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Գոհունակությամբ նշվել է, որ Էլ Քուվեյթում և Երևանում բացվել են երկու երկրների դեսպանատները, գործում է միջկառավարական հանձանաժողովը։

Քուվեյթի ղեկավարը դրվատանքի խոսքեր է ասել երկրում ապրող հայերի հասցեին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են Քուվեյթի բարգավաճմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների կողմից դրսևորվող ջերմ ու հոգատար վերաբերմունքի և Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում իշխանությունների աջակցության համար:

Քուվեյթի էմիրն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Քուվեյթի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր փոխանակել գործարար համաժողով կազմակերպելու հնարավորության շուրջ։ Վարչապետ Ալ Ահմադ Ալ Սաբահին ասել է, որ կառավարության առաջիկա նիստին համապատասխան հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին։

Մեկնաբանել