ՀԴՄ կտրոնով մեքենայի շահումը երբևէ չենք թաքցրել. ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հաստատում է, որ իր եղբայրը` Հայկ Արամյանը, ՀԴՄ կտրոնով շահել է Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա: Գրառումը` ստորև:

«Հարգելի բարեկամներ…Այսօր ամբողջ Էլեկտրոնային մամուլը ողողված է նյութով, որ փոխնախարար Արամյանի եղբայրը ՀԴՄ կտրոնով ավտոմեքենա է շահել… Նախապես ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը և դա երբեք չի թաքցվել: Ավելին, եթե թաքցնելու խնդիր ունենայինք, եղբայրս ի լուր աշխարհին` հեռուստատեսությունում ընդհանրապես չէր երևա, տրամաբանական չէ՞…. Իմ խորին հարգանքս լրագրողական աշխարհի նկատմամբ, սակայն կարծում եմ կոռեկտ չէ, երբ արհեստական ֆոներ են տալիս այս երևույթին, առավել ևս, երբ տրամաբանական հարց է առաջանում` ինչու ուղիղ մեկ տարվա առաջվա երևույթը հանկարծ հիմա հիշեցին, նախընտրական շրջա՞ն է: Իսկ նման տեղեկատվությանը արհեստական ֆոներ տվող անձանց կխնդրեի, որ հիշեն, որ ես և իմ ընտանիքս ևս ՀՀ քաղաքացի ենք և օգտվում ենք սահմանադրական մեր իրավունքներից, այդ թվում` գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոն պահանջելուց և կհորդորեի ամեն ինչ կասկածի տակ դնելու փոխարեն իրենք էլ տեր կանգնեին իրենց իրավունքներին և գնումների ժամանակ պահանջեն ՀԴՄ կտրոնները… Վերջում ավելացնեմ, որ նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն, ոչ էլ այլ պետական այր…»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի նոյեմբերի 20-ի համարում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Վարդան Արամյանի եղբայրը` Հայկ Արամյանը, 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոններով շահել է Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա։

Մեկնաբանել