Ֆրանսիայի աջակենտրոնների նոր առաջնորդ է դարձել Ժան Ֆրանսուա Կոպեն

Ֆրանսիայի նախկին իշխող, ներկայում ընդդիմադիր, աջակենտրոն «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդ է ընտրվել 48-ամյա Ժան Ֆրանսուա Կոպեն՝ ներկուսակցական քվեարկությունում ստանալով 50,03% ձայն, հաղորդում է Radio France Internationale-ը։ Նրա մրցակիցը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է 49,97% ձայն։ Քվեարկության արդյունքները հրապարակել է կուսակցական ընտրական հանձնաժողովի ղեկավար Պատրիս Ժելարդը։

«Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ղեկավարի ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 18-ին։ Պայքարը թեժ էր։ Նոյեմբերի 19-ին իր հաղթանակի մասին հրապարակայնորեն հայտարարել էր և՛ Կոպեն, և՛ Ֆիյոնը։

Ընտրություններից առաջ փորձագետները ֆավորիտ էին անվանել նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին, որն ավելի կենտրոնամետ դիրքորոշում ունի։ Սակայն Ֆրանսիայի նախկին նախագահ և կուսակցության նախկին առաջնորդ Նիկոլա Սարկոզիի քաղաքական զինակից համարվող Ժան Ֆրանսուա Կոպեի կոշտ հռետորաբանությունը՝ ուղղված ներգաղթյալների դեմ, օգնեց նրան առաջ անցնել մրցակցից։

Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ալեն Ժյուպեն, որը «Միություն հանուն ժողովրդական շարժման» հիմնադիրներից մեկն է, քննադատել է ընտրությունները և դրանք անվանել է «պայքար, որը սպառնում է հենց կուսակցության գոյությանը»։

Ընտրություններում Ժան Ֆրանսուա Կոպեի հաղթանակը կարող է նշանակել Սարկոզիի վերադարձ 2017թ․՝ որպես նախագահի թեկնածու։ Ինքը Ֆրանսիայի նախկին նախագահը, վերադառնալու պայման է նշել սոցիալիստների ձախողումը տնտեսական քաղաքականությունում։ Համաձայն հարցումների՝ կուսակցության անդամների 2/3-ը պատրաստ է պաշտպանել նրա թեկնածությունը։