Արտահերթ նիստի տապալմամբ ՀՀԿ-ն կխախտի ընդդիմության սահմանադրական իրավունքը. ՀԱԿ

Եթե ՀՀԿ-ն վաղը Ազգային ժողովում տապալի արտահերթ նիստը, ապա կխախտի Սահմանադրությունը՝ ընդդիմությանը փաստացի զրկելով իր սահմանադրական իրավունքից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` Սահմանադրության 77-րդ հոդվածը հնարավորություն է տալիս պատգամավորների մեկ երրորդին հրավիրել արտահերթ նիստ` իրենց կողմից սահմանված օրակարգով և ժամկետներում: Դա, ըստ ՀԱԿ համակարգողի, սահմանադրական իրավունք է տալիս նախաձեռնել որևէ հարցի քննարկում, անգամ եթե մեծամասնությունը դա չի ընդունում: «Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն, կառչելով քվորումի բացակայությունից` տապալում է նիստը, նա, ըստ էության, խախտում է Սահմանադրության 77-րդ հոդվածը»,- նշել է Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը նաև ասել է, որ իրենք պատրաստ են Հանրապետականին փոխզիջման գնալ և բավարարել ՀՀԿ-ի սկզբունքային առարկությունները:

«Մենք ունենք կառավարության և ԱԺ աշխատակազմի եզրակացությունները, որտեղ որոշակի առարկություններ կան ընտրական բարեփոխումների մասին մեր առաջարկած փաթեթին: Ամենակարևորը երկու առարկություններն են, թե մեր ներկայացրած առաջարկներում զինվորների մասնակցության կետը հակասահմանադրական է, իսկ քվեարկված ցուցակները հրապարակելու պահանջը հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Առաջարկություն եմ անում ՀՀԿ-ին` եթե սա է պրոբլեմը, մենք վաղը պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի և ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել»,- հավելել է Զուրաբյանը: