Փուչիկների գործով դատապարտվածի կյանքին վտանգ չի սպառնում

Փուչիկների գործով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը, որը երեկ հոսպիտալացվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ներկայում հետազոտություն է անցնում: Այս մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանանյանը:

«Կյանքին սպառնացող վտանգ չկա: Հիվանդը չի արյունահոսում, ոտքի վրա է, քայլում է, շտապ վիրահատության կարիք չկա»,- նշեց Տանանյանը` հավելելով, որ միայն 3-4 օր հետո պարզ կլինի՝ Բոզոյանին վիրահատելու են, թե ոչ, կամ ինչ վիրահատություն է արվելու: Բժշկի հավաստմամբ` հիվանդի վիճակը բավարար է:

Բոզոյանը տառապում է միզապարկի քաղցկեղով: Նա մեկ անգամ արդեն վիրահատվել է 2009թ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտում:

Դատապարտվածի փաստաբան Կարեն Մանուչարյանը Սիվիլնեթի հետ զրույցում հաղորդեց, որ ինքը դիմել է Վերաքննիչ դատարան` բողոքարկելու Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 17-ի վճիռը: Մանուչարյանը պահանջում է հաշվի առնել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, այդ թվում` Սերոբ Բոզոյանի` քաղցկեղով տառապելը, ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը, նրա երեխայի հիվանդ լինելը, ինչպես նաև սեփական մեղքն ընդունելը:

Չբողոքարկելու պարագայում Բոզոյանը արդեն պետք է լիներ քրեակատարողական հիմնարկում։ Մինչև վերադաս դատական ատյանի որոշումը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի չհեռանալու մասին ստորագրությունը։

Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյուն և հրդեհ էր տեղի ունեցել։ Հրդեհի հետևանքով միջոցառման մասնակիցները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և մարմնական վնասվածքներ: Բոզոյանն այս գործով միակ մեղադրյալն է, թեև պաշտպանական կողմը պնդում է, որ Բոզոյանը պատվիրողներին նախօրոք զգուշացրել է փուչիկները մեթանով լիցքավորելու հնարավոր վտանգի մասին: