Ձայն, որը բուժում էր

Նոյեմբերի 20-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Երգչուհու մահվան լուրը ցնցեց նրա հարազատներին, երկրպագուներին, ընկերներին, բոլոր նրանց, ում համար թանկ էր Ֆլորա Մարտիրոսյանի գերող ձայնը:

Հավատարիմ երկրպագուների համար նա պարզապես Ֆլորա էր, հանդիսավոր միջավայրում՝ հայ երգի լեգենդ, իսկ տանը՝ սիրող և հոգատար մայր: Այն, ինչ կատարում էր Ֆլորա Մարտիրոսյանը` աներևեկայելի էր, անբացատրելի և անհասանելի:

Շիրակի բնությունը նրան օժտել էր հազվագյուտ ձայնով՝ ջերմ, մինչև հոգու խորքը թափանցող, հուզող, ինչպես ցանկացած շատ ուժեղ զգացմունք: Հեշտ էր երգում՝ առանց որևէ ջանք գործադրելու: Ֆլորա Մարտիրոսյանի երգերի մեծ մասը նվիրված էր հայրենիքին, հայ հողին: Ստեղծագործությունների մեծ մասը, որոնք կատարել և կատարում են ուրիշները, նա՛ է բացահայտել: Ֆլորան հասարակ ժողովրդական և աշուղական երգերը վերածել է քնարական երաժշտության գոհարների: Որտեղ էլ երգեր՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ասիական երկրներում, բոլորին գերում էր իր անկրկնելի ու ցնցող կատարմամբ:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1978թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնում արժանացել է մրցանակի: Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրում: 1991թ. մեկնել է ԱՄՆ: Հայրենիք է վերադարձել 1995թ. և շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001 թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002թ. Լոս Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենք քաղաքներում, հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակում մեծ ճանաչում են բերել երգչուհուն:

2006-2007 թթ. առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2 հազ. հայ երեխա` Հայաստանից և արտերկրից:

2007թ. հիմնել է Artists for Peace բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել էին աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` ոչ ասելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին` «Այլևս երբեք»:

Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:

2011թ. նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են Սթիվի Ուանդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ Նահանգների կոնգրեսական Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարհում խաղաղության կոչելու համար:

«Օրակարգ» թերթի խմբագրակազմն իր խոր ցավակցությունն է հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքի անդամներին և հարազատներին: Ֆլորա Մարտիրոսյանի մահը մեծ և անդառնալի կորուստ է մեր ժողովրդի համար:

Մեկնաբանել