ԼՂՀ ԱԺ պատվիրակության հանդիպումներն ԱՄՆ-ում շարունակվում են

Շարունակվում է ԼՂՀ պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստման շրջանակում, հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 19–ին ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի անդամների հետ: Ողջունելով Արցախի պատվիրակությանը, Հովնան սրբազանը հավաստել է առաջիկա հեռուստամարաթոնին ԱՄՆ Արևմտյան ափի հայության մասնակցությունը:

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բարերար Իսահակ Վարդանյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում սոցիալական ծրագրերի հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հաջորդ հանդիպումը կայացել է Շուշիում տարբեր ծրագրեր իրականացնող ամերիկահայ բարերարների հետ՝ Ալեք Բաղդասարյանի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են Շուշիում նոր ծրագրեր իրականացնելու գաղափարներ և սպասվող հեռուստամարաթոնին ներկայացված ծրագրի որոշ մանրամասներ:

Նույն օրը երեկոյան կայացել է ԼՂՀ պատվիրակության հանդիպումն Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ Արևմտյան ափի գրասենյակի պատասխանատուների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային կարևորություն ներկայացնող խնդիրներ: Աշոտ Ղուլյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունն Արցախի շահերն ԱՄՆ-ում պաշտպանելու գործում:

Արցախի Հանրապետության պատվիրակությունն այցելել է նաև Լոս Անջելես քաղաքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն, հանդիպում ունեցել գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի և անձնակազմի հետ:

Օրվա ավարտին բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների տանը տեղի է ունեցել ընդունելություն Արցախի պատվիրակության պատվին, որին ներկա էին տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Հանդես գալով ընդունելությանը՝ ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի մեր հայրենակիցների դերը Արցախին սատարելու գործում և նրանց կոչ է արել շարունակել ազգանվեր գործունեությունը հանուն հայրենիքի զորացման:

Հանդիպումներին և միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի ԱԳՆ բազմակողմ համագործակցության վարչության պետ Արմինե Ալեքսանյանը: