Ֆրանսիան ավարտեց մարտական առաքելությունը Աֆղանստանում

Ֆրանսիան ավարտեց իր մարտական վերջին առաքելությունը Աֆղանստանում։ Ինչպես հաղորդում է AFP-ն, ֆրանսիական զորքերը դուրս են բերվել Կապիսա նահանգի Նիջրաբ բազայից՝ Քաբուլից դուրս ֆրանսիական վերջին ֆորպոստից։ Ֆրանսիայի մարտական զորամասերը Աֆղանստանը վերջնականապես կլքեն այս տարվա դեկտեմբերին։

Ֆրանսիան աֆղանական արշավին միացել է 2001թ․ վերջին։ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում ֆրանսիական զորախումբը մեծությամբ հինգերորդն էր ամերիկյանից, բրիտանականից, գերմանականից և իտալականից հետո։ Պատերազմի 11 տարիների ընթացքում Աֆղանստանում զոհվել է 88 ֆրանսիացի զինծառայող։

Ներկայում Աֆղանստանում կա մոտ 2200 ֆրանսիացի զինվորական։ Նրանից յոթ հարյուրը պետք է վերադառնա հայրենիք մինչև այս տարվա վերջ, իսկ մեկուկես հազարը կմնա՝ կատարելու ոչ մարտական առաջադրանքներ, մասնավորապես՝ կազմակերպելու բանակային գույքի դուրսբերումը և օգնելու աֆղանցի զինվորների նախապատրաստմանը։

Կոալիցիոն ուժերը, որոնց թիվը մոտ 100 հազ․ է, ամբողջությամբ պետք է լքեն Աֆղանստանը 2014թ․։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախատեսում էր, որ ֆրանսիացիները մարտական առաքելությունը կավարտեն 2013թ․, սակայն նրա իրավահաջորդ Ֆրանսուա Օլանդը որոշեց արագացնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը՝ հաշվի առնելով բազմաթիվ հարձակումները կոալիցիայի զինվորների վրա։