Նկարիչը պիտի սովա՞ծ լինի

Այս տարի Հայաստանի նկարիչների միությունը ստեղծման 80-ամյակն է տոնում: Այս առիթով օրերս մեծ խմբային ցուցահանդես էր կազմակերպվել, որին կարող էին մասնակցել միության բոլոր անդամները: Չնայած նրանց թիվը շուրջ 1000-ի է հասնում՝ ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 400-ը: Այսօր Նկարիչների միության 300 անդամ Հայաստանում չի ստեղծագործում, իսկ երկրում մնացածներից շատերն էլ դժվարանում են նույնիսկ իրենց աշխատանքը արվեստանոցից ցուցասրահ տեղափոխել:

Նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թվականին: Առաջին նախագահը եղել է Արա Սարգսյանը, հետո` Մարտիրոս Սարյանը և այլ անվանի նկարիչներ: Այն կազմավորվել է իբրև ստեղծագործական միավորում, որի նպատակն է եղել աջակցել նկարիչներին ցուցահանդեսների կազմակերպման, կատալոգների հրատարակման, փառատոներին ու միջազգային ցուցահանդեսներին մասնակցության հարցերում: Խորհրդային տարիներին, ունենալով պետական աջակցություն, այն միջնորդ է հանդիսացել պատվերների համակարգման հարցում, ինչի շնորհիվ Նկարիչների միության անդամներն ապահովված են եղել աշխատանքով և աշխատավարձով, միության կազմակերպած մեկական աշխատանքների ցուցահանդեսների ընթացքում  տարեկան առնվազն  մեկ անգամ պետությունը պարտադիր նկարներ էր գնում՝ հարստացնելով ֆոնդերը: Մասնագիտական միության անդամակցությունը նաև աշխատանքային ստաժ էր համարվում: Սակայն այս ամենն այլևս պատմություն է:

Բնական է, որ այսօր արվեստագետներից շատերը քաղցր թախիծով են հիշում խորհրդային տարիները: Դժվարությունները մոռացվում են նոր դժվարությունների ճնշման տակ: Ֆիզիկական, կենցաղային խնդիրներն ավելի անհաղթահարելի են թվում, քան գաղափարային ճնշումն ու տոտալ հսկողությունը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասում է, որ այսօր նկարիչների համար մեծ խնդիր է արվեստանոցների բացակայությունը: Նախկինում միությունը կոոպերատիվներ էր կազմում, որոնց համար մատչելի գումարներով կարողանում էին շենքեր կառուցել և բնակարաններով ու արվեստանոցներով ապահովել նկարիչներին: Ճանաչված և խոստումնալից նկարիչներից շատերին պետությունն անվճար էր տրամադրում ստեղծագործելու տարածքները: Եթե ավագ սերնդի նկարիչները խորհրդային տարիներից ստացած արվեստանոցներ ունեն, ապա երիտասարդների համար դա անհաս երազ է:

Նկարիչների միության անդամ Անուշ Առաքելյանը` անվանի նկարիչներ Սեդրակ Առաքելյանի թոռնուհին և Առաքել Առաքելյանի դուստրն ունի արվեստանոց, որը սակայն թանկ է նստում նրա վրա: ՀՀ օրենքի համաձայն նա ստիպված է արվեստանոցի համար տարեկան գույքահարկ վճարել, որը սովորական բնակելի տարածքի համար վճարելիք հարկի քառապատիկն է կազմում, քանի որ արվեստանոցներն այսօր իբրև հասարակական տարածք են դիտարկվում, այսինքն՝ հավասարեցված են խանութներին, խաղատներին և այլն:  «Արվեստանոցները շփոթել են արհեստանոցի հետ, -ասում է Անուշ Առաքելյանը: Ինչ բիզնեսի մասին է խոսքը, եթե տարիներով նկար չես վաճառում»:

Օրեր առաջ Կարեն Աղամյանը դիմել է երկրի նախագահին, որը հանձնարարել է քաղաքապետարանին՝ լուծում տալ խնդրին: Աղամյանը Տարոն Մարգարյանի հետ հանդիպելուց հետո ակնկալում է, որ արվեստանոցներն այլևս չեն համարվի հասարակական տարածք: «Հավանաբար, գույքահարկը կհավասարեցվի բնակելի տարածքների համար վճարվող հարկին, կամ էլ ավելի ցածր կլինի»,-ասաց Նկարիչների միության նախագահը:

1990-ականների սկզբին Նկարիչների միության կարգավիճակը փոխվեց, պետական հովանավորությունը դադարեցվեց, և միությունները հայտնվեցին հասարակական կազմակերպությունների հետ միևնույն հարթության վրա: Ստեղծագործական միությունները ձևավորվել են որպես պետական բյուջեից սնվող և պետական-մշակութային քաղաքականությանն աջակցող կազմավորումներ, մինչդեռ ՀԿ-ները քաղաքացիական հասարակության բաղադրիչներ են, գործում են շահառուների որոշակի քանակի պայմաններում՝ իրականացնելով տեղային խնդիրներ և դրամաշնորհներով ձևավորում իրենց ֆինանսական միջոցները: ՀԿ-ների գործունեությունը տեղավորվում է որոշակի ծրագրերի շրջանակներում` ուղղորդված լինելով սոցիալական կոնկրետ խմբերի, սակայն ստեղծագործական միությունները պրոֆեսիոնալ կազմավորումներ են, որոնք քննարկում և իրականացնում են մասնագիտական խնդիրներ: Ստեղծագործական միություններն այսօր իրավունք չունեն մասնագիտական գործունեության իրականացման համար ստեղծել տպարաններ, արտադրական կառույցներ և այլն, ինչպես նաև` լուծել աշխատավարձերի վճարման, պահպանման ծախսերի ձևավորման ու այլ հարցեր: 

Այսօր Հայաստանում գործում է 8 ստեղծագործական միություն՝ գրողների, նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների և այլն։ Ստեղծագործական միություններում ներգրավվածների գործունեությունը անհատական բնույթ է կրում:

Այնուամենայնիվ, Նկարիչների միությունում տարեկան 50-60 ցուցահանդես է կազմակերպվում, այդ թվում՝ անհատական: Միությունը ստիպված է վարձակալությամբ հանձնել ցուցասրահները, որպեսզի ի վիճակի լինի վճարել լուսավորության և այլնի համար: Միության անդամներին դահլիճը զեղչված գներով է տրվում, սակայն մահացած նկարիչների հետմահու ցուցադրությունների համար նրանց ընտանիքները կրկնակի պիտի վճարեն: Նրանք, ովքեր ի վիճակի են ինչ-որ կերպ ցուցահանդես կազմակերպել, անում են դա միմիայն հոգևոր բավարարվածություն ստանալու  համար, քանի որ ցուցահանդեսից նկար գնելը Հայաստանում ընդունված պրակտիկա չէ:

Բնականաբար, արտերկրում հայկական  կերպարվեստը ներկայացնելը ևս մեծ խնդիրների հետ է կապված: Երբեմն-երբեմն որոշ նկարիչներ սեփական միջոցներով դուրս են տանում իրենց հավաքածուները և օտարներին ներկայացնում մեր ազգային արվեստը: Ֆինանսական խնդիրների պատճառով միությունը միջազգային համաժողովներին մասնակցում է միայն այն ժամանակ, երբ հրավիրող կողմն է հոգում բոլոր ծախսերը։

Տարիներ շարունակ ստեղծագործական միությունների ներկայացուցիչները առաջարկում են, որ Հայաստանում ընդունվի օրենք ստեղծագործող անհատի և ստեղծագործական միությունների մասին: Կարեն Աղամյանն ասում է, որ դեռևս 7-8 տարի առաջ կային օրենքի տարբեր նախագծեր, որոնք սակայն ոչ մի անգամ չեն հայտնվել Ազգային ժողովի քննարկումների օրակարգում: «Մշակութային դաշտը չի կարող հավասարեցվել թիթեռնիկներ սիրողների, որսորդների միավորումների կամ 4000 այլ նմանատիպ կազմակերպությունների: Օրենքը մեզ հնարավորություն կտա լուծել շատ խնդիրներ և պահպանել հայկական կերպարվեստը: Մինչ այժմ սակայն ոչինչ չի ստացվել, և, ճիշտն ասած, այլևս հույս էլ չկա, որ մի բան կլինի»,-ասաց Աղամյանը:

Ասում են, թե նկարիչը պիտի սոված լինի: Միայն թե խոսքը, հավանաբար, ստեղծագործական սովի մասին է: Մինչդեռ մեր նկարիչներից շատերն այսօր տառացիորեն սովի են մատնված: Հայաստանի նկարիչների միության 80-ամյակի ցուցահանդեսի ժամանակ հաճախ ապշում ես, թե ինչպես է հնարավոր կենցաղային խնդիրների հորձանուտում, չգնահատված ու անտեսված լինելու բեռի տակ, գտնել այն գույնը, այն ոգեշնչումն ու լույսը, որ տեսնում ես ներկայացված կտավներում: