Երբեմն ավելի շահեկան է լռել. Շարմազանովը` Թուրքիայի խորհրդարանի խոսնակին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի այն հայտարարությանը, թե Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

«Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է:

Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել  քրիստոնյա ժողովուրդների` հայերիհույների և ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը:

Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ:

Հետևությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»,- ասված է Շարմազանովի հայտարարությունում: