«MDA տեղեկատվական համակարգերը» շահագրգիռ է մասնակցել ՀՀ տիեզերական ծրագրին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 20-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող կանադական «MDA տեղեկատվական համակարգեր» ընկերության նախագահ Մագ Իսքանդերին, հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ՀՀ տիեզերական ծրագիրը, համաձայն որի` նախատեսվում է ստեղծել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման արբանյակ: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում է արբանյակի տեղակայման ուղեծրային դիրքի հաճախականությունների ռեսուրսի ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրությունը: Նշվել է նաև, որ Հայաստանն արդեն իսկ Հեռահաղորդակցության միջազգային միություն է ներկայացրել ուղեծրային դիրքի Հայաստանի կողմից ամրագրման դիմումային փաստաթղթերը:

«MDA տեղեկատվական համակարգեր» ընկերության նախագահ Մագ Իսքանդերն իր շահագրգռվածությունն է հայտնել ՀՀ տիեզերական ծրագրում բազմակողմանի մասնակցություն ցուցաբերելու հարցում: Մասնավորապես նշվել է, որ ընկերությունը կարող է մասնակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր փուլերում, այդ թվում` հնարավոր ֆինանսավորման լուծումներ գտնելու հարցում:

Գագիկ Բեգլարյանը և Մագ Իսքանդերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցության զարգացման աշխատանքները և մոտ ապագայում կազմակերպել մասնագետների հանդիպում` ՀՀ տիեզերական ծրագրի իրականացման գործնական քայլեր մշակելու համար:

Մագ Իսքանդերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և նախարարին պատասխան այցով հրավիրել Կանադա:

«MDA տեղեկատվական համակարգերը» տեղեկատվական համակարգերի, այդ թվում` տիեզերական արբանյակների բարձր որակավորում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է առաջատար լուծումներ տեղեկատվական արտադրության ոլորտում:

Մեկնաբանել