Թեկնածուն պետք է լինի Ծառուկյանը

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ԲՀԿ տարածքային կառույցներում կայացած քաղաքական քննարկումներում կուսակցության անդամներն արտահայտվել են առաջիկա նախագահական ընտրություններին հօգուտ Գագիկ Ծառուկյանի առաջադրման: Օսկանյանի հայտարարությունը ներկայացված է ստորև:

Այս երկու շաբաթվա ընթացքում երկու զուգահեռ գործընթացներ տեղի ունեցան: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդակցություններն էին քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների նպատակով ընդհանուր օրակարգ ձևավորելու շուրջ: Մյուսը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հանդիպումներն էին մարզերում և Երևանում տարածքային կառույցների անդամների հետ, որոնց նպատակն էր քննարկել և նրանց տեսակետներն իմանալ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

Առաջինի հետ կապված՝ երեկ «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումով ավարտվեց խորհրդակցությունների առաջին փուլը: Մենք հանդիպեցինք խորհրդարանում ներկայություն ունեցող քաղաքական բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի, որը չէր ցանկացել հանդիպել: Այս պահին հեռու եմ այն մտքից, որ ասեմ՝ ինչ-որ ընդհանուր օրակարգի շուրջ կա համաձայնություն, բայց կարող եմ ասել, որ այս ընթացքում առաջացավ բավական ընդգրկուն քաղաքական օրակարգ՝ բազմաթիվ ընդհանրություններով:

Երկրորդի հետ կապված՝ հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաև ես:

Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից:

Ահավասիկ, այս երկու հանգամանքների հիման վրա է, որ քաղաքական ուժերը առաջիկայում պետք է որոշում կայացնեն, թե ինչ ձևաչափով, ինչ օրակարգով և ինչ թեկնածուով են մասնակցելու նախագահական ընտրություններին: