Շախտյորը փլեյ-օֆֆում է. Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 5:2հաշվով առավելության հասավ «Նորշելանդի» նկատմամբ ու ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը:

Թեև հանդիպման սկզբում «հանքափորներն» առավելություն ունեին, հաշիվը բացեցին տանտերերը, 24-րդ րոպեին աչքի ընկավ Նորդստրանդը: 2 րոպե անց Միրչա Լուչեսկուի սաները հավասարեցրին հաշիվը, բայց նման գոլերը չեն սազում բարձրակարգ թիմերին. մրցավարը վիճաբանական հարված նշանակեց «Շախտյորի» կիսադաշտում, «Նորշելանդի» ֆուտբոլիստները հարվածի իրավունքը զիջեցին «հանքափորներին», ովքեր ֆեյր-փլեյի կանոնների համաձայն, պարտավոր էին այն վերադարձնել: Գնդակին մոտեցած ֆուտբոլիստն այդպես էլ պատրաստվում էր անել, սակայն Լուիս Ադրիանոն հայտնվեց գնդակի ճանապարհին, չթողեց, որ այն հասնի մրցակցին ու գրավեց անպաշտպան դարպասը:

Այդուհանդերձ, դանիացիները 29-րդ րոպեին Լորենտսենի ջանքերով կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ «Շախտյորի» ֆուտբոլիստները երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ: Եվ միայն առաջին խաղակեսի ավարտից 1 րոպե առաջ Վիլյանը հավասարեցրեց հաշիվը:

Ընդմիջումից հետո Լուչեսկու սաներն այլ տրամադրվածությամբ մտան խաղադաշտ և 50-րդ րոպեին Վիլյանն արդեն առաջ մղեց իր թիմին` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, 3 րոպե անց Ադրիանոն հաշիվը դարձրեց 4:2, իսկ 81-րդ րոպեին նույն Ադրիանոն դրեց հանդիպման վերջակետը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հենրիխը կրկին ամենաակտիվներից էր «Շախտյորի» կազմում և մի քանի դեպքում պարզապես պարտավոր էր գրավել «Նորշելանդի» դարպասը, բայց նրա մոտ ոչ մի կերպ չէր ստացվում վերջնական հարվածը:

E խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Չելսիի» դարպասը և զգալիորեն բարելավեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները: Թուրինցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Կուալյարելան (38′), Վիդալն (61′) ու Ջովինկոն (90′):

5-րդ տուրից հետո E խմբի միանձնյա առաջատարը «Շախտյորն» է, որն իր ակտիվում ունի 10 միավոր և անկախ վերջին տուրի հանդիպումներից, ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը: 2-րդ տեղում «Յուվենտուսն» է (9 մ.), «Չելսին» 7 միավորով 3-րդն է, «Նորշելանդը» 1 միավոր ունի:

Այսպիսով, հաջորդ փուլ դուրս գալու համար «Չելսին» վերջին տուրում պետք է հաղթի «Նորշելանդին», իսկ «Շախտյորը»` «Յուվենտուսին», որ լոնդոնցիները հաջորդ փուլ դուրս գան, հակառակ դեպքում, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գործող չեմպիոնը չի կարողանա հաղթահարել խմբային փուլի արգելքը: