Կառավարությունը փորձում է օժանդակել զբոսաշրջության զարգացմանը

Զբոսաշրջության ոլորտի խնդիրները պետական աջակցության մի ծրագրից «գաղթում» են մյուսը, իսկ թիրախային ցուցանիշները՝ նվազում։ Այս տարի նախատեսված 900 հազ. զբոսաշրջային այցելության դիմաց գործադիրը 2013թ. համար նպատակ է դրել ապահովել 820 հազ-ը։

Այս տարվա «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագրում ամրագրված է. «Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (շուրջ 20%) պահպանմանը՝ 2012թ. ապահովելով մինչև 900 հազ. զբոսաշրջային այցելություններ»։ Չնայած ամրագրված ցուցանիշին՝ օրերս հրավիրած մամուլի ասուլիսում էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հայտարարեց, թե այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի 800 հազ.։

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության նոյեմբերի 22-ի նիստի հաստատմանը ներկայացրել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013թ. ծրագրի նախագիծը, որում ամրագրել է. «Նպաստել Հայաստան ներգնա այցելությունների աճի տեմպի (10-15%) պահպանմանը՝ 2013թ. ապահովելով 820 հազ-ից ավելի միջազգային զբոսաշրջային այցելություններ»։

Ստացվում է, որ նախարարությունը ոչ միայն այս տարի չի ապահովել 900 հազ. զբոսաշրջիկի այցելություն, այլև նման ցուցանիշը անիրատեսական է համարել 2013թ. համար։ Ցուցանիշի նվազեցումը կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտի աջակցության տարեկան ծրագրերի արդյունավետության լավագույն գնահատականն է։

Ընդ որում՝ 2013թ. զբոսաշրջության աջակցությանը պետբյուջեից կհատկացվի այնքան գումար, որքան 2011-2012 թթ.՝ Դ50 մլն։ Պարզ է, որ գերակա ոլորտ հայտարարված զբոսաշրջության զարգացման համար սա լուրջ թիվ չէ, սակայն ցուցանիշներից ու ծրագրային միջոցառումներից, ինչպես նաև խնդիրները ծրագրից ծրագիր արտատպելուց պարզ է դառնում, որ անգամ այս միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում։

Երեք տարի ու նույն խնդիրները
2013թ. նախագծում նշվում է, որ վերջին տարիների ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանն ու միջազգային շուկայում ներկայացմանը, միջազգային համագործակցության զարգացմանն ու համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը:

Անկախ հայտարարվող այս նպատակների՝ խնդիրները ոլորտում շարունակում են նույնը մնալ։

Գալիք տարվա ծրագրում նշվում է, որ զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակների իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ՝ «զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում՝ միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ և շարունակական ներկայացման գործընթացների զարգացում»։ Այս նախադասությունը, ի դեպ, բառացիորեն արտատպած է 2011թ. և 2012թ. ծրագրերից։

Ինչպես և նախորդ տարիներին, գալիք տարի ևս համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ և ապահով երկրի նկարագրի ամրապնդման, ինչպես նաև Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանման համար նախարարությունը նախատեսում է իրականացնել գովազդային տեղեկատվական միջոցառումներ՝ անվճար բաժանելով տեղակատվական նյութեր ու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացնելով միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին:

Էկոնոմիկայի նախարարությունում շարունակում են կարծել, որ ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը կնպաստի այդ երկրներից կայուն զբոսաշրջային հոսքերի ապահովմանը: «Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցությամբ յուրաքանչյուր միջազգային ցուցահանդեսին նվազագույն թվով (6 մասնակից) տուրօպերատորների մասնակցությունն ապահովում է մոտավորապես 30 նոր կապերի հաստատում և համագործակցության պայմանագրերի կնքում, ինչն էլ իր հերթին ապահովում է զբոսաշրջային այցելությունների ու եկամուտների աճ»,– նշված է ծրագրի նախագծում:

Փառատոների հույսին
Վկայակոչելով միջազգային փորձը՝ էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի նախագծում նշել է, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևոր է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով՝ 2013թ. նպատակային շուկա համարվող երկրներից նախատեսվում է մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցերի կազմակերպում: «Տարբեր երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոները և տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների, նպաստում միջազգային շուկայում Հայաստանի ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը»,– նշվում է ծրագրի նախագծում:

Գալիք տարի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում «Գինու տոնի փառատոնին» և Լոռվա մարզի Ախթալա քաղաքում «Հայ ավանդական տոնածիսական ուտեստների մրցույթ-փառատոնին» կավելանա Գյումրիում «Ավանդական արհեստների և արվեստների փառատոնը»։
Ուշագրավ է, որ 2013թ. ծրագրում նախարարությունը բառացիորեն արտատպել է փառատոների լուսաբանման արդյունքում այցելությունների ու եկամուտների ակնկալվող տվյալները։

«Փառատոները լուսաբանվել են բազմաթիվ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներով, այդ թվում՝ «ՍԻ ԷՆ ԷՆ», «Օ ԷՌ ՏԵ», «ԷՌ ՏԵ ԷՌ», «ՄԻՐ», վրացական «Ռուսթավի-2, «ԱրմՆյուզ», «Հ1» և «Հ2», «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաալիքների, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային տարբեր լրատվամիջոցներով: Արդյունքում հարյուրավոր միլիոնանոց միջազգային լսարանին իրենց գրավչությամբ ներկայացվել են հայկական գինեգործությունը, խոհանոցը, մշակույթն ու ավանդույթները՝ նվազագույն հաշվարկներով հաջորդ տարիների համար ապահովելով ավելի քան 10 հազ. լրացուցիչ զբոսաշրջային այցելություն և, հետևաբար, շուրջ $10 մլն-ին եկամուտ՝ պետական բյուջեից ծախսված շուրջ Դ5 մլն-ի դիմաց»,– նշվում է փաստաթղթում։

2012թ. ծրագրից արտատպելով փառատոների լուսաբանման հատվածը, զբոսաշրջային այցելությունների թիվն ու պետբյուջե մուտքագրվելիք եկամուտները՝ նախարարությունը փաստում է, որ չի տիրապետում ոլորտում իրական ցուցանիշներին։

«Վերնիսաժին» մրցակից տարածք
Էկոնոմիկայի նախարարությունում այս անգամ էլ չեն մոռացել տեղեկատվական կենտրոնները։ Ծրագրի նախագծում նշվում է, որ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների ստեղծումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը պետական քաղաքականության խնդիրներից է։ «Տեղեկատվական կենտրոնների գործունեությունը նպաստում է հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ մակարդակով ներկայացմանը, Հայաստանում զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման դյուրացմանը»,– ասվում է ծրագրում:

2013թ. միջոցառումներ են նախատեսվում՝ ուղղված Երևանում միջազգային չափանիշներին համապատասխանող տեղեկատվական կենտրոնի վերաբացմանը։ Դրանք, ըստ էկոնոմիկայի նախարարության, կարող են նպաստել հայրենական զբոսաշրջային գրավչությունների մասին տեղեկատվության տրամադրմանը և տարածման արդյունավետության բարձրացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Ուշագրավ է, որ նախարարությունը, ուսումնասիրելով զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը, հայտնաբերել է, որ հուշանվերների և արհեստագործական արտադրանքի, ավանդական ուտեստների և գինիների վաճառակետերի համար անհրաժեշտ է մշակել և ներդնել տեղական արտադրանքի վաճառքի տաղավարներ՝ միասնական նախագծին համապատասխան: «2013թ. կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքներ, իսկ օրինակելի տաղավարի նախագիծը հաստատվելուց հետո կմեկնարկի առաջին տաղավարի հիմնադրումը՝ համահունչ տեղի պատմամշակութային ժառանգությանն ու ճարտարապետական միջավայրին»,– նշված է ծրագրի նախագծում։

Մեկնաբանել