Ինովացիան և բարձր տեխնոլոգիաները՝ մոռացված

Ինովացիան, բարձր տեխնոլոգիաները հեռավոր ոլորտներ են թվում ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում:

Կարծես ՏՏ ոլորտը այնքան էլ չի հետաքրքրում Արցախի կառավարությանը: Դեռ 2001թ. ԼՂՀ կառավարությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ, սակայն արդեն վերջերս ընդունված կառավարության հնգամյա ծրագրում սրա մասին խոսք չկա. կառավարության գործունեության հիմնական գերակայությունների մեջ ՏՏ ոլորտի մասին, էլ չենք խոսում բարձրագույն տեխնոլոգիաների մասին, նշված չէ: Տող չկա նաև նորարարության աջակցման մասին:
Արցախում աշխատող ոլորտի ձեռնարկություններն էլ, որպես կանոն, կադրերի լուրջ խնդիր են ունենում, ինչը պայմանավորված է կրթության ցածր որակով՝ չնայած որոշ բարձրորակ կադրերի առկայությանը: Ձեռնարկություններից ոմանք իրենք են զբաղվում սեփական կադրերի կրթության հարցերով՝ դրա վրա վատնելով թանկարժեք ժամանակ և ռեսուրսներ:

Ոլորտի զարգացման համար Արցախում հարկավոր է ունենալ համապատասխան կրթություն: Ի դեպ՝ Արցախի պետական համալսարանի կամ այլ պետական բուհի վրա հույսեր դնել պետք չէ: Հարկավոր է նոր հաստատություն, որտեղ դասախոսները և ուսանողները չեն դառնա անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի ու հովանավորչության զոհ:

Մի շարք աշխարհահռչակ նորարարական կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ դրանք սովորաբար ի հայտ են գալիս որակյալ համալսարանների շուրջ: Այսպես՝ բրազիլական Կամպինաս քաղաքի բնակիչները հիմնականում գյուղատնտեսությամբ էին զբաղվում, մինչև որ 1966թ. այստեղ հիմնադրվում է համալսարան, որը շուտով բավական մեծ վարկանիշ է ձեռք բերում աշխարհի համալսարանների շարքում: Շնորհիվ համալսարանի՝ Կամպինասում են հայտնվում բարձրագույն տեխնոլոգիաների համաշխարհային բրենդներ:

Բրազիլական կառավարությունն էլ աջակցում է՝ բացելով տեխնոպարկեր և ինկուբատորներ: Այսօր Կամպինասը Լատինական Ամերիկայի ամենահայտնի նորարարական կենտրոնն է:

Այս օրինակը եզակի չէ. բարձրորակ համալսարաններ ունեցող շատ շրջաններ են այսօր դարձել նորարարական կենտրոններ: Արցախում փորձ եղել է ինկուբատորի ստեղծման, սակայն դա իմաստ չունի, երբ նախաձեռնողականության մակարդակը ցածր է, կրթությունն էլ՝ անորակ:

Ժամանակն է, որ համահայկական դրամահավաքների ժամանակ ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման հարցեր բարձրացվեն, այլ զարգացման, ասենք՝ Արցախում միջազգային, գոնե համահայկական նշանակություն ունեցող համալսարանի ստեղծման, որը կներգրավի դասախոսներ ամբողջ աշխարհից: Նման համալսարանի առկայությունը թույլ կտա ներգրավել ներդրումներ նորարարական տեխնոլոգիաների բնագավառում: Ճիշտ է, համաշխարհային հայտնի բրենդները միգուցե դժվարությամբ գան Արցախ, բայց հայերով հագեցած ձեռնարկություններն էլ բավարար են հետաքրքիր արդյունքներ գրանցելու համար:

Մեկնաբանել