Բեգլարյանը ստվերել է տրանսպորտը

Տրանսպորտի ոլորտում միայն սոցիալական ապահովության վճարների մասով պետբյուջե մոտավոր հաշվարկներով տարեկան չի մուտքագրվում շուրջ Դ2 մլրդ։ Միջքաղաքային, միջհամայնքային ու քաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները սոցվճարի գծով չեն վճարում ավելի քան Դ400 մլն, տաքսի ծառայությունները՝ Դ1,5 մլրդ։

Անցած շաբաթ կառավարության նիստին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց «Տրանսպորտի և կապի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ» հաշվետվությունը, որում բավական ուշագրավ տվյալներ կան ոլորտում «ստվերայնության աստիճանի» մասին։

Ըստ նախարարի՝ տրանսպորտի ոլորտում ցածր աշխատավարձերի պատճառով ցածր է մնում եկամտահարկի և սոցիալական ապահովության վճարների մակարդակը: Ուղևորատար տրանսպորտի վարորդները հաճախ աշխատում են օրական 8 ժամից ավելի, իսկ զգալի թվով հարկ վճարողների մոտ միջին ամսական աշխատավարձը ցածր է Դ40 հազ-ից։

Նախարարի կողմից ներկայացված աշխատավարձի չափը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերի 25-ի կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, թե քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններում (տրանսպորտի, կապի, կանաչապատման, սանմաքրման և այլն) մոտ 300 աշխատողի պահանջարկ կա, հիմնականում՝ վարորդների, որոնց միջին աշխատավարձը կազմում է Դ80 հազ.։

Տրանսպորտի և կապի նախարարության հաշվետվությունում Երևանի տրանսպորտի ոլորտը չի ներառվել, քանի որ այն վերահսկում է քաղաքապետարանը։ Սակայն ակնհայտ է, որ միջքաղաքային և մայրաքաղաքային երթուղիները սպասարկող վարորդների աշխատավարձերը չեն կարող էապես տարբերվել։ Հակառակ դեպքում քաղաքապետարանը խնդիր չէր ունենա ամսական Դ80 հազ. աշխատավարձով ավտոբուսի վարորդներ աշխատանքի ընդունելու հետ։

Հաշվետվությունում նշվում է, որ կապի և տրանսպորտի նախարարության կողմից լիցենզավորված կազմակերպությունները կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացնում են 1011 ավտոբուսներով և 3691 միկրոավտոբուսներով։ 2012թ. ինը ամիսներին պետբյուջե վճարվելիք հաստատագրված վճարների գումարը կազմել է Դ1,33 մլրդ, մինչև տարեվերջ կվճարվի ևս Դ433 մլն։ Նշված ուղևորափոխադրումներում ընդգրկված է 5048 աշխատող, որոնց մասով հունվար-սեպտեմբերին սոցիալական ապահովագրության վճարները կազմել են Դ318 մլն, մինչև տարեվերջ պետք է վճարվի ևս Դ106 մլն։

Եթե Դ40 հազ. ամսական միջին աշխատավարձի պայմաններում կազմակերպությունները վճարում են Դ424 մլն-ի սոցվճար, ապա ոլորտում միջին աշխատավարձի իրականին մոտ չափ ընդունելով Երևանի քաղաքապետի հնչեցրած թիվը՝ Դ80 հազ-ը (իրականում երթուղիների վարորդների եկամուտներն ավելի մեծ են)՝ սոցվճարների գումարը պետք է կազմի մոտ Դ850 մլն։ Ստացվում է, որ միայն սոցվճարների գծով պետբյուջե չի մուտքագրվում Դ426 մլն։

Տաքսիները՝ ստվերում
«Ստվերը» բավական մեծ է նաև տաքսի ծառայության ոլորտում, թեև Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստին խուսափեց դրա մասին խոսելուց։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին տաքսու վարորդների թիվը (տաքսի ծառայության և անհատ տաքսու վարորդներ) կազմել է 8182, որոնց գծով ինը ամսվա սոցիալական ապահովագրության վճարի գումարը կազմել է Դ515,5 մլն, մինչև տարեվերջ նախատեսվում է պետբյուջե վճարել ևս Դ171,8 մլն: Տաքսի ծառայության ոլորտից պետբյուջե տարեկան մուտքագրվելու է Դ687,3 մլն, մեկ վարորդի հաշվով վճարվող սոցվճարի գումարը ամսական կտրվածքով կազմելու է Դ7 հազ.։

Եթե հաշվի առնենք, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների» մասին օրենքով սահմանված է, որ անհատ ձեռնարկատերը ամսական վճարում է 5 հազ. սոցվճար, և որ առկա է 2504 անհատ տաքսու վարորդ, ապա կազմակերպությունների կողմից այս տարի վճարվելիք սոցվճարի չափը պետք է լինի Դ537 մլն կամ մեկ վարորդի հաշվով Դ7,8 հազ.։

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքի համաձայն՝ մինչև Դ20 հազ. աշխատավարձի դեպքում գործատուն վճարում է Դ7 հազ. սոցվճար, իսկ աշխատակիցը՝ աշխատավարձի 3%-ի չափով։ Այս պայմաններում տաքսի ծառայություններում աշխատակիցների միջին աշխատավարձը չի գերազանցելու Դ22 հազ-ը, այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձ է սահմանված Դ32,5 հազ-ը։ Կազմակերպություններում աշխատավարձը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել, և չի բացառվում, որ կազմակերպություններում տաքսու վարորդները ձևակերպված են ոչ լրիվ դրույքով, այնինչ աշխատում են ամբողջական աշխատանքային օրով։

Ուշագրավ մեկ այլ տվյալ. տաքսի ծառայություններում գրանցված աշխատակիցների թիվը շատ ավելի փոքր է, քան ավտոմեքենաներինը։ Կազմակերպությունները տաքսի ծառայություններ մատուցել են 6578 ավտոմեքենայով, իսկ աշխատակիցների թիվը եղել է 5678։ Ստացվում է, որ կա՛մ 900 ավտոմեքենա չի շահագործվել, կա՛մ այդքան վարորդ ընդհանրապես չի ձևակերպվել։ Քիչ հավանական է, որ այդ ավտոմեքենաները մատնված են պարապուրդի, քանի որի տաքսի ծառայությունը մեկ մեքենայի հաշվով ամսական վճարում է արտոնագրային վճար՝ Դ9,5-1,4 հազ.՝ կախված գործունեության բնակավայրից։

Տաքսի ծառայություններում միայն «ստվերային» աշխատավարձի և «ստվերային» աշխատողների հետևանքով մոտավոր հաշվարկներով պետբյուջե տարեկան կտրվածքով չի մուտքագրվում մոտ Դ1,5 մլրդ։

Մեկնաբանել