ԱՄՀ-ն Եգիպտոսին շուրջ $5 մլրդ վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ներկայացուցչությունը դրական որոշում է ընդունել Եգիպտոսին 22 ամիս ժամկետով $4,8 մլրդ վարկի հատկացման շուրջ: Այս մասին ասված է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ: Որոշումը դեռ պետք է քննարկվի ԱՄՀ կառավարիչների խորհրդում:

Միջոցները ուղղորդվելու են 2013-2014թթ. հարակբյուջետային տարում պետական ծրագրի իրականացմանը, որի նպատակը երկրի տնտեսկան վերականգնման ապահովումը և նոր աշխատատեղերի ստեղծումն է: Իշխանությունները մտադիր են կրճատել բյուջետային ծախսերը, բացի այդ՝ կբարեփոխվեն էներգետիկ ոլորտին հատկացվող լրահատկացումները: Բարեփոխումներ են նախատեսվում նաև հարկային ոլորտում:

Եգիպտոսին ծրագրի իրականացման համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի $14,5 մլրդ, որը կստացվի տարբեր աղբյուրներից: Նոյեմբերի 14-ին Եվրամիությունը հաստատել է Կահիրեին $6,4 մլրդ ֆինանսական աջակցության տրամադրումը: Այս գումարից €1մլրդ կտրամադրեն ԵՄ անդամ երկրները, ևս €2-ական մլրդ կհատկացնեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկը: Հաղորդվում էր, որ  €1 մլրդ Կահիրեն կստանա Թուրքիայից:

2011թ.գարնանը Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո Եգիպտոսի տնտեսական դրությունը վատթարացել է, լրջորեն տուժել է զբոսաշրջության ոլորտը: Հոկտեմբերի սկզբին Եգիպտոսի ֆինանսների նախարար Մումթազ ալ Սաիդը հայատարարել էր, որ երկրի բյուջեի դեֆիցիտը այդ պահի դրությամբ կազմում է $28 մլրդ կամ երկրի ՀՆԱ-ի 11%-ը: Ֆինանսների նախկին նախարար Սամիր Ռադվանը, ըստ «Ալ Արաբաիյա» հեռուստաալիքի, հայտարարել է, որ ներկայում Եգիպտոս ներդրումային հոսը գրեթե զրո է: