Ոստիկանությունը պատասխանել է Ստյոպա Սաֆարյանին

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանել է «Ժառանգության» ներկայացուցիչ, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նամակը, որում թեկնածուն խնդրել էր իրեն տրամադրել ընտրացուցակների տպագիր և էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև հրապարակել դրանք ոստիկանության կայքում: Ոստիկանության պարզաբանումը` ստորև:

Հայտնում ենք, որ Ստյոպա Սաֆարյանի ներկայացրած գրությունը քննարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: ՀՀ ոստիկանությունը օրենքի պահանջը կատարել է` այդ կերպ ընտրողների ռեգիստրը հրապարակայնեցնելով:

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկատվությանը, համաձայն որի՝ ոստիկանության պաշտոնական կայքում բացակայում է ընտրողների ցուցակը, ապա հայտնում ենք հետևյալը.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և 2 օր առաջ տեղադրում է համացանցում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան դրանք ներբեռնելու հնարավորություն: Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն համապետական են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները: Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը համացանցում ընտրողների ցուցակը տեղադրելու օրենքով սահմանված պարտականություն չունի:

Հայտնում ենք նաև, որ թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը Ստյոպա Սաֆարյանին կտրամադրվի հետադարձ կապի համար հասցե տրամադրելուց հետո (դիմումում փոստային առաքանու հասցեն բացակայում է):

Մեկնաբանել