Հերման վան Ռոմպույն առաջարկել է կրճատել ԵՄ բյուջեն

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը նամակ-հրավեր է ուղարկել ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ կապված Եվրամիության՝ նոյմեբերի 22-23-ին կայանալիք արտահերթ գագաթաժողովի հետ, որում քննարկվելու է ԵՄ ֆինանսական յոթամյա հեռանկարը 2014-2020 թթ․ համար։

«Մենք առաջարկել ենք երկարաժամկետ ֆինանսական ծրագիր €80 մլրդ-ի կրճատմամբ՝ համեմատ Եվրահանձնաժողովի առաջարկի։ Ես գիտեմ, որ դա իր բարդություններն է ստեղծում։ Այդուհանդերձ, բոլորը պետք է հասկանան, որ ավելի քիչ փողով մենք չենք կարողանա անել այն, ինչ անում էինք նախկինում։ Հարկ է քաղաքական ընտրություն կատարել»,- ասված է Եվրոպական խորհրդի նախագահի նամակում։

«Մասնավորապես՝ մենք առաջարկել ենք իրականացնել անհրաժեշտ կրճատումները գրեթե համամասնորեն բոլոր ուղղություններով՝ պահպանելով հավասարակշռությունը՝ ըստ Եվրահանձնաժողովի առաջարկի»,- բացատրել է Հերման վան Ռոմպույը։

Երկարաժամկետ բյուջեի այսպիսի հայացեակարգ Եվրահանձնաժողովի անդամներին առաջին անգամ նա առաջարկել էր նոյմեբերի 13-ին։

Հաջորդ օրը Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Հանսենը ներկայացրել էր հայտարարություն ԵՄ գործադիր մարմնի անունից, որում ասվում էր, որ Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկներում, համաձայն Եվրահանձնաժողովի ցանկության, ծրագրվում է բալանսավորված բյուջե մինչև 2020թ․, սակայն նախատեսված են էական կրճատումներ այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի անդամները դիտարկում են այդ բյուջեն՝ որպես տնտեսական աճի և զբաղվածության կատալիզատոր, որը թույլ կտա կատարել լուրջ ներդրումներ և Եվրամիության համար ապահովել առաջատար դերակատարություն միջազգային ասպարեզում։

«Մեր կարծիքով՝ հարկ է հետևել բյուջեի հավասարակշռությանը, իսկ նրա ծավալը՝ պահպանել։ Այդ ծավալն անհրաժեշտ է՝ Եվրոպայում տնտեսական աճն ու զբաղվածությունը պահպանելու համար»,- մեջբերել էր Հանսենը Եվրահանձնաժողովի հայտարարությունը։

Երկարաժամկետ բյուջեի կրճատումներին դեմ է նաև Եվրախորհրդարանը, որը պահանջում է պահպանել համախմբման քաղաքականության (ԵՄ տարբեր շրջանների ու երկրների զարգացման մակարդակների նպատակային հավսարեցում) ֆինանսավորումը, ինչպես նաև չի ցանկանում գիտական, հետազոտական, նորարարական ու կրթական ծրագրերի կրճատում։

2014-2020 թթ․ բյուջեի մոտեցումներում լուրջ տարաձայնություններ կան ԵՄ անդամ պետությունների միջև։

Նամակ-հրավերում Հերման վան Ռոմպույը, մասնավորապես, նշել է, որ «համաձայնագրի բացակայությունը կվնասի իրենց բոլորին»։ Այդ իսկ պատճառով Եվորպական խորհրդի նախագահը, ակնակալելով թեժ բանավեճեր, այս անգամ ձևավորել է միայն գագաթաժողովի մոտավոր ծրագիրը՝ հաշվի առնելով այն, որ հանդիպումը կարող է երկարաձգվել մինչև շաբաթ՝ նոյեմբերի 24-ը։