Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Բաքու

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ես որոշեցի ընդունել հրավերը և այսօր կմեկնեմ Բաքու: Մի բանում կարող եք համոզված լինել, որ որևէ մի շեղում չի լինելու այն եռամիասնությունից, որը եղել է իմ հավատարմության օրակարգի առանցքը` քաղաքացիական իրավունք, ազգային շահ և պետության ինքնիշխանություն»,- նշեց «Ժառանգության» ղեկավարը:

Համաժողովում նախատեսված է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: «ժառանգությունը» նախկինում մասնակցել է Ասիական քաղաքական կուսակցությունների խորհրդաժողովներից մեկին: Այս անգամ հրավերը ստացել էին մի քանի ամիս առաջ, սակայն մերժել էին` պատճառաբանությամբ, որ Ադրբեջանն արժանի չէ կազմակերպել միջազգային խորհրդաժողով:

Այնուհետ խորհրդաժողովի կազմակերպիչները, կապվելով հյուրընկալող երկրի կառավարության և «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, վստահեցրել են, որ ոչ միայն կլինի արտահայտվելու հավասար հնարավորություն, այլև անվտանգության երաշխիք, նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել