ՀՀԿ քաղաքական բոլոր գործիչներն այսօր զբաղված են. Գալուստ Սահակյան

Ես չեմ ուզում առհասարակ քննարկել իրենց առաջարկները, քանի որ քննարկելու ո´չ ժամկետի մեջ ես տեղավորվում, ո´չ էլ կարող ես որևէ խնդիր լուծել. կարող ես ընդամենը շոու սարքել, քո ասելիքը ասել ու գնալ տուն, ՀԱԿ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Երկու-երեք տարի թունավորեցին ժողովրդին, հետո ուղարկեցին տուն, հիմա էլ սնանկ վիճակում են, խալխի կապիտալով փորձում են ինչ-որ բան անել ու առաջ մղվել»,- ասաց պատգամավորը` պարզաբանելով, որ «խալխի կապիտալ» ասելով նկատի ունի ԲՀԿ-ին, «Ժառանգությանը», ՀՅԴ-ին, որոնց միջոցներից իբր օգտվում է Հայ ազգային կոնգրեսը:

Ընդդիմության ներկայացրած փոփոխությունների փաթեթին անդրադառնալով` Սահակյանը նշեց, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններն իրենց սցենարներն ունեն: «Լսումներ են կազմակերպվում, հետո ուղարկվում են փորձագիտական ուսումնասիրության, հետո առաջարկներ են վերցնում, նորից են մշակում, հետո, երբ տեսնում են, որ 60-70 տոկոսով ապահով է, առաջին ընթերցում են անցկացնում, նորից ուղարկում են փորձաքննության, որը տևում է 2-3 ամիս, հետո նոր բերում են խորհրդարան հաստատում են»,- նկատեց Սահակյանը:

«Այսինքն` միտքը այն չի եղել, որ իրենց ներկայացրած կետերը հաստատվեն, միտքը նա է եղել, որ ամբիոն ունենան, և մի քիչ էլ ցուրտ ա, ոչ թե գնան դրսում ժողովրդի հետ խոսեն, այլ գան այստեղ խոսեն, սոցիալական ցանցերով, հետուստացույցով խոսեն` իբր թե գործ ենք անում, ընտրությունների ենք նախապատրաստվում»,- հավելեց ՀՀԿ պատգամավորը:

Նրա խոսքով` իրենք դրա ժամանակը չունենք, իրենց քաղաքական բոլոր գործիչներն այսօր զբաղված են և իրենց գործն են կատարում ՀՀԿ կուսակցական աշխատանքներում, առավել ևս հիմա, երբ կուսակցությունը երկու ընտրատարածքներում ընտրությունների է նախապատրաստվում` թիվ 1-ում և 35-ում:

ՍիվիլՆեթի հարցին, թե կարելի է արդյոք կուսակցության այս դիրքորոշումից եզրակացնել, որ իրենք ընտրական օրենսգիրքը կատարյալ են համարում, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ իդեալական որևէ փաստաթուղթ քաղաքականության մեջ տրամաբանորեն չի կարող լինել, «որովհետև կյանքը զարգանում է և զարգանում են տարբեր տիպի գործընթացներ, այդ թվում` ընտրական պրոցեսներին մասնակցելու, կանոնակարգելու խնդիրը»:

«Այսօր նույնիսկ մենք իրավունք չունենք նման փոփոխութուններ իրականացնել, քանի որ դա տևում է մոտ երկու տարի»,- ամփոփեց իր խոսքը պատգամավորը:

Մեկնաբանել