Ադրբեջանի լոբբիստական ջանքերը՝ բռնապետի հանձնարարությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը ցանկանում է նախկին խորհրդային հանրապետությանը հաղորդել փայլուն և ժողովրդավարական իմիջ։ Սակայն առաջընթաց ժողովրդավարության ոլորտում փաստացի չկա, գրում է շվեդական գերմանալեզու Neue Zürcher Zeitung պարբերականը։ Դիտորդները բարեփոխումների են սպասում, սակայն ընդդիմությունն ու քննադատորեն տրամադրված լրատվամիջոցները, ինչպես նաև անկախ կրոնական գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստները մարգինալ վիճակում են։ Կառավարությունը քաղաքացիական հասարակության տեսք է ստեղծում ձևականորեն անկախ կազմակերպությունների միջոցով։

Այդուհանդերձ, արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական գործիչները պարբերաբար դրական են արտահայտվում Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման մասին, ինչը կարելի է գնահատել՝ որպես հաջող լոբբինգի արդյունք։ Փիարն իրականացվում է՝ գտնելու ներդրողներ երկրի ենթակառուցվածքում։ Նավթային բումն ավարտվում է, իսկ նավթային ոլորտից դուրս արդյունաբերության ստեղծման համար պրոֆեսիոնալ բանիմացությունը բավականաչափ չէ։ Բացի այդ՝ բանն Ադրբեջանի (որն անկախություն է ստացել ընդամենը 20 տարի առաջ, աշխարհառազմավարական բարդ իրադրությունում է Ռուսաստանի ու Իրանի միջև և ծանրաբեռնված է Լեռնային Ղարաբաղի շուրջ չլուծված հակամարտությամբ) փխրուն ազգային ինքնության մեջ է։

Բացի այդ՝ արտասահմանում դրական իմիջն օգնում է օրինականացնել սեփական բնակչության նկատմամբ ավտորիտար քաղաքականությունը։ Այս ուղղությամբ աշխատում են ինչպես արևմտյան փիար գործակալություններ, այնպես էլ ադրբեջանական ընկերություններ, ինչպես «Ադրբեջանի եվրոպական միությունը» (TEAS), որը եվրոպացի քաղաքական գործիչների, լրագրողների ու հայտնիների համար կազմակերպում է զվարճանքի երեկոներ ադրբեջանցի ջազային դաշնակահար Իսֆար Սարաբսկիի մասնակցությամբ։

Ադրբեջանական «Թուրան» անկախ գործակալության տնօրեն Մեհման Ալիևի և Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով՝ Քյամալեդդին Հեյդարովը՝ TEAS-ի գլխավոր տնօրենի հայրը, Ադրբեջանի ամենահայտնի գործարարներից և երկրի առավել հզոր նախարարներից մեկն է։ Արտակարգ իրավիճակների նախարարին է պատկանում «Գիլան» հոլդինգը։ Միջազգային մակարդակում գործող UEI աֆիլացված ընկերության կայքում TEAS-ը նշված է՝ որպես դուստր ընկերություն։

Եվրոպայի խորհուրդը համարվում է լոբբիստների հավաքատեղի։ Ադրբեջանական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քարիմլիի և ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուրադ Հասանլիի խոսքով՝ այն կորցրել է Ադրբեջանի բնակչության հարգանքը։ Նախքան Եվրոպայի խորհրդի կազմում Ադրբեջանի ընդունումը հույս կար, որ անդամակցությունը կառավարությանը կստիպի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Սակայն Եվրոպայի խորհրդի ստանդարտներն այդպես էլ կյանքի չկոչվեցին, և Արևմուտքի իմիջը տուժեց։

Որոշ վերլուծաբաններ վախենում են ընդդիմության արմատականացումից։ Մինչ այժմ ադրբեջանցիները, հատկապես՝ շիաները, համարվել են չափավոր մուսուլմաններ։ Սկայան քարոզիչները Իրանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և Հյուսիսային Կովակսից տարիներ շարունակ փորձում են տարածել իսլամի ավելի խիստ ու պահպանողական ձևերը։ Միակ օտարերկրյա հեռուստաալիքը, որը քննադատում է կառավարությանը, հեռարձակում է Իրանից։ Չի բացառվում, որ արմատական կրոնական ու քաղաքական գաղափարները գտնեն ավելի լայն տարածում, հատկապես՝ եթե բնակչության լայն շերտերի սոցիալական վիճակը չբարելավվի նավթային բումի բավական մոտ ավարտից հետո։