ԱՄՆ-ի զինվորների համար թրեյլերները չափազանց թանկ են նստել

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱՄՆ-ի բանակի և պաշտպանության նախարարության առաջատար մատակարարներից մեկի՝ KBR ինժեներաշինարարական և սերվիսային ընկերության։

KBR-ը և նրա քուվեյթյան ենթակապալառու First Kuwaiti Trading Co.-ն մեղադրվում են թրեյլերների (որոնք օգտագործվել են Իրաքում կռվող ամերիկացի զինվորների տեղաբաշխման համար) գների արհեստական բարձրացման մեջ։

Համաձայն հայցի՝ KBR-ն ու First Kuwaiti Trading Co.-ն 2250 թրեյլերների տեղակայման $80 մլն-ի գործարք են ձեռք բերել։ Սակայն ավելի ուշ քուվեյթյան ենթակապալառուն անհիմն ավելացրել է ծախսերը $48,8 մլն-ով, որոնք KBR ընկերությունը «փոխանցել» է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը։ Գնի արհեստական բարձրացման ևս մի օրինակ է ամսական $23 հազ․ վճարը վերամբարձ կռունկի համար այն դեպքում, երբ բաց շուկայում այն արժեր ամսական ընդամենը $8 հազ․։

Փաստացի ամերիկյան ընկերությունը, իմանալով, որ ծախսերի բարձրացումն անհիմն է, այնուամենայնիվ, հավանություն է տվել դրանց։ KBR-ի դրությունը բարդացնում է նաև այն փաստը, որ նա մեկ անգամ չէ՝ First Kuwaiti Trading Co.-ին մեղադրել է ծախսերի արհեստական բարձրացման մեջ։