Աստված տա միասնական թեկնածուով հանդես գանք. Վ. Օսկանյան

Բացարձակապես անընդունելի է մեզ համար, որ քաղաքական մեծամասնությունը, օգտագործելով իր մեծամասնության լծակները, հնարավորություն չի ընձեռնում, որ խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը կարողանան ժողովրդին հուզող ամենակարևոր հարցերը բարձրացնել Ազգային ժողովում: Այսօր խորհրդարանի շենքի մոտ հավաքված ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Իշխող կուսակցությունն այսօր լուրջ մտահոգություն ունի, և վախեցած է, որ նախագահական ընտրություններով ժողովրդի կամքը կպարտադրվի նրանց, և Հայաստանում  կկարողան հաստատել ժողովրդի կամքով թելադրված իշխանություն»,- նշել է նա` հավելելով, որ քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունները շարունակվում են:

«Ես կարծում եմ, որ մենք իրոք ջրբաժանի առաջ ենք կանգնած, շատ բան է կախված, թե քաղաքական ուժերը ինչպիսի հմտություն և մեծահոգություն կցուցաբերեն հանուն ազգային շահերի: Եվ շատ բան կախված է նաև ժողովրդից` դուք ձեր կամքը ավելի լսելի պետք է դարձնենք, մենք զգում ենք, որ իսկապես ձևավորվել հասարակական պահանջ համախմբվելու և միասնական ջանքերով երկիրն այս իրավիճակից դուրս բերելու: Բայց ձեր ձայնը, վերջ ի վերջո, լինելու է վճռականը»,- հայտարարել է Օսկանյանը` հավելելով, թե որքան շուտ ժողովուրդը լսելի դարձնի իր ձայնը, այնքան ավելի մեծ պատասխանատվություն կընկնի իրենց ուսերի վրա:

Վարդան Օսկանյանը նաև հույս է հայտնել, որ եկող շաբաթվա ընթացքում` մինչև նախագահի թեկնածուների առաջադրումը, հնարավոր կլինի քաղաքական օրակարգ ձևավորել և այդ օրակարգով ներկայանալ հասարակությանը: «Եվ ինչու չէ, նաև Աստված տա` միասնական թեկնածուով կկարողանանք գնալ նախագահական ընտրություններին»,- հավելել է պատգամավորը: