Google-ը ստորագրահավաք է սկսել՝ ի աջակցություն ազատ ինտերնետի

Google ընկերությունը թողարկել է հատուկ կայք՝ Take Action, որում ստորագրություններ է հավաքում՝ ի աջակցություն ազատ ու բաց ինտերնետի և պատմում է ինտերնետի պետական կարգավորման բացասական հետևանքների մասին։

«Առանց սահմանների ազատ աշխարհում ինտերնետը պետք է հասանելի լինի։ Ինտերնետի ճակատագրի վրա ազդելու հնարավորություն պետք է ունենա ոչ միայն կառավարությունը, այլև միլիարդավոր ինտերնետ օգտագործողներն ու տեխնիկական մասնագետները ամբողջ աշխարհում»,- ասված է նախագծի կայքում։

Համաձայն կայքի տեղեկատվության՝ ինտերնետում նյութերի գրաքննությունը գործում է արդեն 42 երկրում, իսկ վերջին երկու տարիներին տարբեր երկրների կառավարություններ ընդունել են 19 նոր օրենք, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը ինտերնետում։

Google-ի ներկայացուցիչները նաև նշում են, որ Էլեկտրակապի միջազգային միությունը մտադիր է փոփոխություններ մտցնել Միջազգային էլեկտրակապի ռեգլամենտում, սակայն տվյալ փոփոխությունները քննարկվում են միայն կառավարությունների, այլ ոչ թե ինտերնետային ընկերությունների կողմից։ Ընդ որում՝ փոփոխությունների վերաբերյալ բոլոր նյութերը գաղտնագրված են, վստահեցնում են ընկերությունները։

Դեկտեմբերի սկզբին Դուբայում պետք է տեղի ունենա Էլեկտրակապի միջազգային միության համաժողովը, որին, Google-ի տեղեկություններով, քննարկվելու են ինտերնետի կարգավորման խնդիրները։

Google ընկերության դիրքորոշման հետ համամիտ օգտագործողները կարող են Take Action կայքում թողնել իրենց ստորագրությունը։ Ընդ որում՝ Google-ն իրեն իրավունք է վերապահում Take Action-ում հրապարակել դիմումը ստորագրած օգտագործողի անունը և տեղեկատվություն նրա գտնվելու վայրի մասին։

Google-ը նախկինում մեկ անգամ չէ՝ հանդես է եկել ինտերնետը կարգավորելուն ուղղված օրենսդրական տարբեր նախաձեռնությունների քննադատությամբ։ Ընդ որում՝ ընկերության դիրքորոշումն այն է, որ ոլորտում պետք է զարգանան ինքնակարգավորման մեթոդները։ Այսպես, Google-ը ԱՄՆ-ում դեմ է հանդես եկել SOPA (Stop Online Piracy Act) և PIPA (Protect IP Act) հակապիրատական օրինագծերի ընդունման։

Մեկնաբանել