ՀՅԴ-ն ու «Ազատ դեմոկրատները» չունեն անհաղթահարելի տարաձայնություններ

ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում այսօր տեղի է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Երկուստեք կարևորվեց գործընթացները քաղաքական շրջանակում պահելու և կառուցողական դաշտ բերելու առումով, նախագահական ընտրություններին ընդառաջ միասնական քաղաքական պլատֆորմ ձևավորելու անհրաժեշտությունը: Միաժամանակ արձանագրվեց, որ, օրակարգային հարցերի հետ կապված կողմերը չունեն անհաղթահարելի տարաձայնություններ, և որ արձանագրված ընդհանրությունները լավ հիմք են հետագա համագործակցության համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Միջկուսակցական հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Արսեն Համբարձումյանը, «Ազատ դեմոկրատներից»` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Անուշ Սեդրակյանը:

Նոյեմբերի 22-ին նախատեսված է ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոյեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել, որում ներկայացնում է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության պայմաններն ու առաջնահերթությունները։