Երևանի քաղաքապետարանն ու ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը կընդլայնեն համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները:

«Համագործակցության այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քաղաքային տնտեսության ոլորտների վերաբերյալ համատեղ տարբեր ծրագրեր են իրականցվել, այդ թվում` միջազգային խորհրդատվական ծառայություններ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և կկարողանանք նոր նախագծեր կյանքի կոչել»,- ասել է քաղաքապետը:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենք պատրաստ են քաղաքապետարանի հետ քննարկել և իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, նաև ընդգծել կազմակերպության առաքելությունը` խաղաղության և անվտանգության ապահովման, ժողովրդավարական սկզբունքների պահպանման, այդ թվում` նախընտրական և ընտրական գործընթացների շրջանակում:

Շնորհավորելով քաղաքապետին պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ` Անդրեյ Սորոկինը աշխատանքային հաջողություններ է մաղթել կարևոր ու պատասխանատու պաշտոնում: Տարոն Մարգարյանը վերահաստատել է քաղաքապետարանի դիրքորոշումը համագործակցության պատրաստակամության և ընդլայնման վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման, խորհրդատվության ապահովման և հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր: