Մադրիդի Ռեալն ու Դորտմունդի Բորուսիան հաջորդ փուլում են. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի (1:1) խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ և վաստակած 8 միավորով ապահովեց D խմբի 2-րդ հորիզոնականը:

Առաջին խաղակեսում Ժոզե Մոուրինյոյի սաներն ակնհայտ առավելություն ունեին, և հենց նրանք էլ բացեցին հանդիպման հաշիվը. 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման:

Ընդմիջումից հետո «քաղաքաբնակներն» ամբողջությամբ տիրեցին նախաձեռնությանն ու «Ռեալը» երկար ժամանակ միայն Իկեր Կասիլյասի շնորհիվ էր առջևում: Այդուհանդերձ, 73-րդ րոպեին Ալվարո Արբելոան սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Սերխիո Ագուերոյին ու ոչ միայն 11 մետրանոց բերեց իր թիմի դարպասին, այլև 2-րդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Ագուերոն չվիրպեց 11 մետրանոց նշակետից:

Այս խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» ոչ մի շանս չտվեց «Այաքսին»` Ամստերդամում 4:1 հաշվով ջախջախելով տանտերերին: Գերմանիայի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին (41′, 67′), մեկական անգամ էլ աչքի ընկան Մարիո Գյոտցեն (36′) և Մարկո Ռոյսը (8′): «Այաքսի» միակ գոլը խփեց Հոսենը (86′):

5-րդ տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորում է «Բորուսիան», 2-րդ տեղում «Ռեալն» է` 8 միավոր: «Այաքսն» ունի` 4, իսկ «Մանչեսթեր Սիթին» 3 միավոր:  Այսպիսով, այս խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան «Բորուսիան» և «Ռեալը»:

http://www.dailymotion.com/video/xv9wql_m-1-1-r-footyroom-com_sport