Կառավարությունը և Կենտրոնական բանկը այս տարի 7%-ը գերազանցող տնտեսական աճ են ակնկալում

Կենտրոնական բանկի լավատեսությունը երեք ամսում ավելացել է շուրջ 1-տոկոսային կետով։ ԿԲ-ն լավատես է ոչ միայն այս, այլև առաջիկա երեք տարիների տնտեսական աճի հարցում։ Բանկում այս տարի ակնկալում են 7-7,4% տնտեսական աճ, 2013թ.՝ 5-6,2%։
Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության 2012թ. 4-րդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2012թ. 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում (հաստատվել է նոյեմբերի 8-ին) նշվում է, որ այս տարվա տնտեսական աճին կշարունակի մեծապես նպաստել ծառայությունների, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի ավելացված արժեքների աճը՝ տարեվերջին կազմելով համապատասխանաբար շուրջ 6%, 9,5% և 11%:

Օգոստոսին հրապարակված «Գնաճային հաշվետվությունում» ԿԲ-ն նշել էր, որ 2012թ. մեծ հավանականությամբ սպասվում է 5,6-6,7% տնտեսական աճ։ Ընդ որում՝ տնտեսական աճին կշարունակի մեծապես նպաստել ծառայությունների, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի ավելացված արժեքների աճը. 2012թ. դրանք կկազմեն համապատասխանաբար շուրջ 5%, 9,5% և 7,5%։
Ստացվում է, որ ԿԲ-ի լավատեսությունը տնտեսական աճի մասով ավելացել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի աճի կանխատեսման վերանայման հաշվին։

Ուշագրավ է, որ ԿԲ-ն այս տարվա տնտեսական աճի հարցում ավելի լավատես է, քան կառավարությունը։ 2013թ. բյուջեի նախագծի ուղերձում գործադիրը 2012թ. համար կանխատեսել է 7,1% ՀՆԱ-ի աճ։ Հատկանշական է, որ միջազգային մի շարք ֆինանսական կառույցների կանխատեսումներով ընթացիկ տարում Հայաստանում տնտեսական աճը չի գերազանցի 5%-ը։

ԿԲ-ն բավական լավատես է նաև առաջիկա երեք տարիների կտրվածքով։ «Տնտեսական աճի նախանշված միտումները կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում, և այն կկայունանա 5-6% շրջանակներում (օգոստոսին կանխատեսվել էր 4-5% – Ա.Չ.)»,– ասվում է փաստաթղթում։

Լավատեսության նվազում
ԿԲ-ն փոքր-ինչ հոռետես է 2013թ. հարցում։ Ըստ Կենտրոնական բանկի՝ ընթացիկ մակրոտնտեսական զարգացումների պահպանման պարագայում կանխատեսվող ժամանակահատվածում ակնկալվում է տնտեսության ճյուղերի ավելացված արժեքների իրական աճի տեմպերի որոշակի դանդաղում, որի արդյունքում 2013թ. տնտեսական աճը կլինի 5-6,2% միջակայքում։ Կառավարությունը 2013թ. բյուջեի նախագծի հիմքում դրել է 6,2% տնտեսական աճի ցուցանիշ։

ԿԲ-ում ակնկալում են, որ գալիք տարի արդյունաբերության ճյուղում կարձանագրվի շուրջ 8-10% իրական աճ: Ոլորտի աճը հիմնականում կապահովի հանքարդյունաբերությունը, մետաղագործությունը, սննդամթերքի և խմիչքների արտադրությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը և էներգետիկան։ Շինարարության ճյուղի համար ԿԲ-ն կանխատեսել է ավելացված արժեքի 2,5-4,5% աճ՝ պայմանավորված էներգետիկայի, վերամշակող արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող շինարարության ծավալների աճով:

Ծառայությունների ոլորտում ևս ակնկալվում է բարձր աճի միտում, որը հիմնականում ապահովվելու է տրանսպորտի և կապի, ֆինանսական միջնորդության, ինչպես նաև զբոսաշրջության հետ կապված ծառայությունների հաշվին: Արդյունքում 2013թ. ծառայությունների ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 4,5-6,5% միջակայքում։

Գյուղատնտեսության ոլորտում 2013թ. ակնկալվում է 2-4% իրական աճ: Ընդ որում՝ հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսության կեսը կազմող բուսաբուծության բերքատվությունը կախված է առավելապես բնակլիմայական պայմաններից, իսկ ոլորտում կատարված ներդրումները իրենց շոշափելի արդյունքը կտան որոշակի ժամանակային ուշացմամբ, ԿԲ-ն գյուղատնտեսության աճի կանխատեսման ժամանակ ընտրել է ամենաքիչ ռիսկային տարբերակը։

Բանկերի 1/3-ը բարձր գնաճ է կանխատեսել
Ըստ ԿԲ-ի՝ կանխատեսվող հորիզոնում ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ Հայաստանի տնտեսության ներքին զարգացումները նախանշում են գնաճային միջավայրի փոքր-ինչ ընդլայնում։ Առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կբարձրանա՝ տարեվերջին կազմելով 3,4%։ Օգոստոսին ԿԲ-ն ավելի լավատես էր և գտնում էր, որ տարեվերջին գնաճը կլինի թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին մակարդակում։

Չնայած ԿԲ-ի գնաճի կանխատեսման՝ բանկային համակարգը միակարծիք չէ։ ԿԲ-ի կողմից ֆինանսական հատվածի կազմակերպությունների և տնային տնտեսությունների շրջանում իրականացված գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների համաձայն՝ բանկերում ավելացել է 12-ամսյա գնաճի 2,5-5,5% միջակայքն ընտրած հարցվողների թիվը (նախորդ հարցման 57%-ի փոխարեն՝ 62%): Ավելի բարձր՝ 5,5-8,5% գնաճի միջակայք ընտրած բանկերի տեսակարար կշիռը նախորդ հարցման 38,1%-ից իջել է 33%-ի:

Վարկային կազմակերպությունների գնաճային սպասումները այս եռամսյակում ևս հավասարաչափ են բաշխվել երկու միջակայքերի միջև՝ 41-ական տոկոս: Տնային տնտեսությունների գնաճային սպասումները հիմնականում մոտ են եղել գնաճի նպատակային ցուցանիշին. գնաճի սպասվող միջին մակարդակը վերջին երկու եռամսյակներում կայունացել է 4,5%-ի շրջանում:

ԿԲ-ում գտնում են, որ հարկաբյուջետային հատվածի ինը ամիսների փաստացի զարգացումների և պետբյուջեի չորրորդ եռամսյակի ծրագրի ապահովման պարագայում հարկաբյուջետային քաղաքականությունն ամբողջական պահանջարկի վրա կունենա մոտ 1,1 զսպող ազդեցություն: Ըստ ԿԲ-ի՝ բյուջեի կատարման գործընթացը կամփոփվի պետական բյուջեի եկամուտների ծրագրված համամասնությունների ապահովմամբ և ծախսերի որոշակի տնտեսումներով (տարեկան ծրագրված ցուցանիշի մոտ 4%-ի չափով): Արդյունքում պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը օրենքով նախատեսված 3,1%-ի փոխարեն կկազմի 2-2,2%։

Ըստ էության՝ ԿԲ-ի կանխատեսումներով ծախսերը ոչ ամբողջովին կատարելու ճանապարհով կառավարությունը կտնտեսի Դ40 մլրդ։
Բանկային համակարգում, ըստ կանխատեսումների, արտարժութային ավանդների տարեկան աճը կլինի մինչև 30%, դրամային ավանդներինը՝ 10%, վարկավորման տարեկան աճը՝ 25%-ի շրջանակում:

Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների վերաբերյալ երրորդ եռամսյակում կատարված հարցման արդյունքների հիման վրա գնահատված վարկավորման առաջարկի, պահանջարկի, վարկերի հասանելիության և հաճախորդների վարկունակության ինդեքսների համաձայն՝ 2012թ. երրորդ եռամսյակում նվազել են բոլոր վարկատեսակների գծով պահանջարկի և առաջարկի աճի տեմպերը: Չորրորդ եռամսյակում սպասվում է բիզնես և սպառողական վարկերի գծով պահանջարկի աճ:

2012թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է վարկավորման աճի տեմպի զգալի դանդաղում. աճը կազմել է 2%: Վարկավորման կառուցվածքում եռամսյակի ընթացքում գերակշռել են արտարժույթով վարկերը, որոնց աճը կազմել է 2,1%։ Արտարժույթով վարկերը տրամադրվել են հիմնականում մասնավոր ձեռնարկություններին, իսկ դրամով վարկերը, որոնց աճը եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 1,8%, հավասարաչափ տրվել են տնային տնտեսություններին և ձեռնարկություններին:

Մեկնաբանել