Երբ տեսլականը «տղամարդու հորմոնն» է

«Հարսնաքարը» պայթեցնելու ցանկություն հայտնած փոխգնդապետը ազատ է արձակվել: Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի նկատմամբ բռնությունից հետո՝ հունիսի 17-ին, նա գնացել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ մարդասպան թիկնապահներին ցույց տալու, որ «բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել»: Այսպիսով՝ փոխգնդապետը վենդետայի կողմնակից է: Նա ուզում էր պայթեցնել այն շենքը, որի աշխատակիցները մարդ են սպանել: Եթե չեմ սխալվում, գրեթե ամբողջ երկիրն այդ օրերին փոխգնդապետի կողքին էր: Հոգու խորքում համաձայն էր նրա հետ: Ոչինչ չունեմ ասելու, փաստն այն է, որ «Հարսնաքարն» իր տեղում է, շենքին ոչինչ չպատահեց, փոխարենը փոխգնդապետը ձերբակալվեց, և «կանացի հորմոններ չունեցող» սպաների հարցը մնաց բաց:

Ես գիտեմ, որ ոչ մի շենք էլ չի կարելի պայթեցնել վրիժառության պատճառով, որովհետև այդ տրամաբանությամբ ամբողջ Հյուսիսային պողոտան պետք է հողին հավասարվի, հարկադիր կատարողների վայրագության արդյունքում այնտեղ էլ պետական կարիքների անվան տակ տարիքով կին է մահացել: Ամեն ինչի համար կարելի է հողին հավասարեցնել ցանկացած կառույց: 37-ին Ստալինը տասնյակ հազարավոր հայերի Սիբիր ուղարկելով՝ դարձավ նրանց մահվան պատճառ: Ստալինը կոմունիստների առաջնորդն էր, հետևաբար հողին պետք է հավասարեցվեն մետրոն ու մարզահամերգային համալիրը: Ուրեմն՝ թողնենք վենդետան:

Ոչինչ պայթեցնել պետք չէ: Բայց ահա թե ինչ: Պետությունն ինքն է իրեն իրավունք վերապահում պայթեցնել կամ հողին հավասարեցնել շենքեր, որոնց մեջ ինքը զոհեր չի ունեցել: Նույն Հյուսիսային պողոտան: Երբ պետությունն է պայթեցնում, դա կոչվում է պետական կարիքներ, իսկ երբ վրեժով լցված մարդը՝ հանցագործություն: Ուրեմն՝ պետությունը սկզբից պիտի ձևակերպի, թե ինչ է շահում շարքային քաղաքացիների բնակարանները հողին հավասարեցնելուց, որովհետև կյանքը ցույց տվեց, որ պետությունը սխալվել է մեթոդի մեջ, շարքային քաղաքացիները տուժել են «պետական կարիքների» պատճառով գլխին տանիք չունենալուց: Այսպիսով՝ նորանկախ Հայաստանը առայժմ միայն հողին հավասարեցնելու «արժանի» դեպքերի պատմություն է: Յուրաքանչյուրը կարող է իր ցավը գտնել այդ դեպքերի մեջ և դուրս գալ ընդդեմ ցավացնողների: Մահացուն ոչ թե ընդդիմանալն է, այլ պատճառաբանությունը՝ «բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել»: Իսկ երբ կինն է ընդդիմանում, ո՞ւմ հորմոններին ապավինելն է նրա տեսլականը: Չէ՞ որ հորմոններն այստեղ կապ չունեն, եթե ինքդ մարդ լինելու սահմաններից ես դուրս գալիս, ոչ մի հորմոն քեզ չի օգնի, որ քո արարքները պատճառաբանես մարդ լինելով:

Ցանկացած հորմոն, որը զենք է դնում ձեռքիդ, ուղեղի առկայության դեմ է: Հետևաբար, ինչքան լավ կլինի, եթե քո տեսլականը լինի ոչ թե սեռական հորմոնը, այլ պետությունը: Եթե պետությունը լինի քո տեսլականը, «Հարսնաքարը» կընկնի Ռայխստայգի պես: Երբ դու զինված մտնում ես «Հարսնաքար», մենք հասկանում ենք, որ այնտեղ բուն է դրել պետական ամենաթողությունը: Բայց պետական ամենաթողությունն այնտեղ է ծվարել, որովհետև քո կռիվը առանց հորմոններդ հիշելու չես մղում: Դեռ ձեռքի հետ էլ վիրավորում ես կանանց: Ուրեմն սկզբից, մարդ, կռիվդ ձևակերպիր:

Մեկնաբանել