Էլիզաբեթ 2-րդը Քեյթ Ուինսլեթին հանձնել է Բրիտանական կայսրության շքանշանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը նոյեմբերի 21-ին հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթին է հանձնել Բրիտանական կայսրության շքանշան: BBC ռադիո և հեռուստահեռարձակող կորպորացիայի հաղորդմամբ՝ «Օսկարի» մրցանակակիր Ուինսլեթը պետական պատվավոր այս մրցանակին արժանացել է դերասանական մեծ վարպետության համար:

Մրցանակի շնորհման արարողությունն անցել է Բուքինգեմյան պալատում: Ուինսլեթից բացի՝ թագուհին պարգևատրել է նաև Take That փոփ խմբի մասնակից Հերի Բարլոուին՝ ստեղծագործական և բարեգործական գործունեության համար, ինչպես նաև հանրահայտ ջութակահարուհի Թասմին Լիթլին՝ երաժշտության բնագավառում ներդրման համար:

«Հաճելիորեն զարմացած է ինձ այս շքանշանով պարգևատրելու թագուհու որոշումից,- հայտարարել է Անգլիայում ծնված Ուինսլեթը: -Անկեղծ ասած՝ մինչև այսօր չէի հավատում դրան»:

Դերասանուհին նաև պատմել է, որ շքանշանը ստանալու պահին մի քանի բառ է փոխանակել թագուհու հետ:

«Մենք խոսեցինք մայրությունից: Թագուհին հարցրեց՝ որքանով է ինձ դուր գալիս խաղալ կինոյում: Ես ասացի, որ սիրում եմ աշխատանքս, սակայն ոչ այնքան շատ, որքան մայր լինելը, ինչին թագուհին պատասխանեց, որ դա ամենալավ մասնագիտությունն է»,- ասել է դերասանուհին:

Քեյթ Ուինսլեթն ունի երկու երեխա տարբեր ամուսիններից՝ 12-ամյա Միան և 9-ամյա Ջոն:

Մեկնաբանել