Սարկոզին այսօր դատարան կներկայանա

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր Բորդոյի դատարանում պետք է ցուցմունք տա 2007թ․ իր նախընտրական արշավի ֆինանսավորման աղբյուրների գործով, հաղորդում է BBC-ն։

Նրան մեղադրում են հինգ տարի առաջ Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից՝ L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից անօրինական ճանապարհով ֆինանսական հավելյալ միջոցներ ստանալու մեջ։

Այս մեղադրանքների հետաքննության շրջանակում այս տարվա հուլիսին ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել Ֆրանսիայի նախկին նախագահի փարիզյան տանը և գրասենյակում։

Այս տարվա մայիսին նախագահական անձեռնմխելիությունից զրկված Սարկոզին իր հասցեին ուղղված մեղադրանքներն անվանում է «կեղտոտ բամբասանք»։

Սկանդալը ծագել էր դեռ 2010թ․, երբ մադամ Բետնակուրի նախկին հաշվապահը՝ Քլեր Տիբուն, ոստիկանությանը տեղեկացրել էր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության (որի առաջնորդն այդ ժամանակ Սարկոզին էր) ներկայացուցիչներին կանխիկ €150 հազ․ փոխանցման մասին։

Տիբուի խոսքով՝ գումարը նախատեսված է եղել կուսակցության գանձապահ Էրիկ Վերտի համար, որը ընտրություններում Սարկոզիի հաղթելուց հետո դարձավ բյուջեի հարցերով նախարար, ապա գլխավորեց աշխատանքի նախարարությունը։

Բետանկուրը գումար է ծախսել Սարկոզիի նախագահական արշավի վրա՝ խորհրդակցելով իր ընտանիքի և L’Oreal կոսմետիկական կայսրության ֆինանսների հարցերով խորհրդականի հետ, վստահեցնում էր նրա նախկին օգնականը։

Համաձայն նրա պնդման, ինչպես նաև ևս մի քանի վկաների ցուցմունքների՝ Սարկոզին այցելել է Բետանկուրի նստավայր ընտրություններից առաջ նվազագույնը երկու անգամ։

Մեկնաբանել