Աշխարհի ամենազգացմունքային մարդիկ Ֆիլիպիններում են. Gallup

Սինգապուրցիները, չնայած տնտեսական բարձր ցուցանիշներին և ՀՆԱ-ի բարձր մակարդակին, չեն ուրախանում երկրի բարեկեցությամբ՝ զուսպ գտնվելով իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում: Այդ է վկայում հասարակական կարծիքի հետազոտությամբ զբաղվող Gallup գործակալության՝ ավելի քան 150 երկրում 2009-2011թթ. անցկացրած հարցումը: Սինգապուրի բնակիչների ընդամենը 36%-ն է հայտարարել, որ օրական ունենում է առնվազն տասը դրական և բացասական ապրում: Այս ցուցանիշն ամենացածրն է աշխարհում:

Հարցման համաձայն՝ ամենազգացմունքային երկիրը բավական աղքատ Ֆիլիպիններն են: Զգացմունքային հարուստ կյանքի մասին հայտնել է երկրում հարցվածների 60%-ը:

Ոչ զգացմունքային երկրների շարքում երկրորդ տեղը զբաղեցրել են Վրաստանն ու Լիտվան. այնտեղ զգացմունքային է բնակչության 37%-ը: Երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը՝ 38%-ով: Ռուսաստանի հետ նույն խմբում են նրա ԱՊՀ «անսիրտ» հարևաններ Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղըզստանը, զարգացող Մադագասկարն ու աշխարհի ամենաթերի զարգացած երկրներից մեկը՝ Նեպալը:

Ամենազգացմունքային երկրների թվում, Ֆիլիպիններից բացի, ընդգրկված են Սալվադորը (57%), Բահրեյնը, (56%), Օմանն ու Կոլումբիան (յուրաքանչյուրը՝ 55%): Հինգերորդ հորիզոնականում են Չիլին, Կոստա Ռիկան, Կանադան, Գվատեմալան, Բոլիվիան, Էկվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը, Պերուն, Նիկարագուան և ԱՄՆ-ը (54%):

Gallup-ի փորձագետներին հետաքրքրել են ինչպես դրական ապրումները՝ հաճույքը, ժպիտը, ծիծաղը, ուրախությունը, այնպես էլ բացասականները՝ զայրույթը, սթրեսը, տխրությունը, ֆիզիկական ցավը, անհանգստությունը:

Վարքագծային դրական և բացասական ցուցանիշները հասարակության բարեկեցության գնահատման կարևոր միջոց են, սակայն դրանք ոչ միշտ են կապված երկրի բարձր կենսամակարդակի հետ: Զգացմունքների արտահայտման վրա մեծապես ազդում են նաև ազգային առանձնահատկությունները՝ մտածելակերպը, ավանդույթներն ու հոգեբանությունը:

Այս առումով բավական օրինակելի է բարգավաճ Սինգապուրը, որտեղ մարդիկ շատ զուսպ են: Չնայած քիչ սինգապուրցիներ են դրական պատասխան տվել ունեցած բացասական ապրումների մասին հարցին՝ քիչ էին նաև իրենց երջանիկ զգացողները: Փորձագետների կարծիքով՝ սինգապուրցիների համար զգացմունքներն ազատ արտահայտելու խոչընդոտ է այն հանգամանքը, որ նրանց մանկուց սովորեցնում են իրենց ընկալել ոչ թե որպես անհատ, այլ որպես հասարակության մի մաս:

Մեկնաբանել