«Արմավիան» հերքում է ավիատոմսերի թանկացման լուրերը

«Արմավիա» ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարկված այն տեղեկությունը, թե «Արմավիան» թանկացրել է Երևան–Մոսկվա–Երևան և Մոսկվա–Երևան–Մոսկվա չվերթների ավիատոմսերի գները:

Ավիաընկերության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. ««Արմավիա» ավիաընկերության Երևան–Մոսկվա–Երևան և Մոսկվա–Երևան–Մոսկվա, ինչպես նաև մյուս բոլոր ուղղություններով գործող սակագները, ըստ IATA-ի (International Air Transport Association) պահանջների, ավիատոմսերի ամրագրման ավտոմատացված համակարգերում արտացոլված են եվրոյով և հոդվածում ԱՄՆ դոլարով բերված սակագները արդեն իսկ կասկածի լուրջ տեղիք են տալիս:

«Արմավիա» ավիաընկերության Երևան–Մոսկվա–Երևան և Մոսկվա–Երևան–Մոսկվա ուղղությամբ սակագները վերջին անգամ փոփոխվել են հոկտեմբերի 28-ին, այն էլ նվազման միտումով՝ հաշվի առնելով «ՁՄԵՌ 2012/2013» աէրոնավիգացիոն շրջանում ուղևորահոսքի նվազման միտումները:

Այս պահի դրությամբ հայաստանյան ավիափոխադրումների շուկայում «Արմավիա» ավիաընկերության սակագները նվազագույնն են, ինչի մասին վկայում են նաև անկախ փորձագետների տված եզրակացությունները»:

Մեկնաբանել